Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հայ-թուրքական սահմանին մատուռ օծվեց՝ 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին (տեսանյութ)

Անի խոշորացված համայնքի Բագրավան գյուղի բնակիչներն այլևս ստիպված չեն լինի այլ համայնքներ գնալ՝ հոգևոր ծիսակարգերի համար։ Մի խումբ բարերարների աջակցությամբ գյուղում նոր մատուռ է կառուցվել։ Ճիշտ է՝ 20-րդ դարասկզբին գյուղը  եկեղեցի է ունեցել, բայց խորհրդային միության տարիներին այն ավերվել է։

«Գյուղն այժմ ունի իր հոգևոր կենտրոնը՝ հանձինս մեր Սուրբ Ավետիս մատուռի, որտեղ գյուղի և հարակից գյուղի բնակիչները կարող են կատարել իրենց երեխաների , մեծերի մկրտության արարողությունները և տեղի ունենան մեր բոլոր հոգևոր ծիսակատարությունները»,- ասում է Բագրավան գյուղի գյուղապետ Արտյոմ Պետրոսյան։

Հենց Բագրավանի նորակառույց Սուրբ Ավետիս մատուռում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Ավետիք Վարոսյանի զարմիկների մկրտության արարողությունը։

«Այս մատուռի գաղափարը ծառացել է մեր բարերարներից մեկի՝ Թումասյան Վահանի մոտ։ Հիմնական գաղափարախոսությունը կամ մատուռի կառուցման հիմքը նվիրվել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մեր համագյուղացիների հիշատակին»,- ասում է գյուղապետը։

Բագրավան գյուղից երեք հայորդիներ իրենց կյանքը տվեցին վերջին պատերազմում։ Մարտի դաշտում ընկած տղաների հիշատակը հավերժացնող մատուռի օծումն իրականացրեց Շիրակի թեմի առաջնորդը։

«Այսօր եկել ենք այս մատուռը օծելու, սրբացնելու, սրբագործելու, որպեսզի Բագրավան գյուղը գոնե այս մատուռն ունենա։ Եվ գոնե այս մատուռում երեխաները կնքվեն, նորապսակներն ամուսնանան»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը։

Սրբագործված սուրբ Ավետիս մատուռը կկրի նաև Համբարձման անունը, քանզի օծման արարողությունը համընկել է Համբարձման տոնի հետ։