Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արդարադատության նախարարության և ԱԺ-ի համակարգմամբ տեղի է ունեցել համաժողով

Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի քննարկմանը նվիրված համաժողով՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության, ինչպես նաև Դատախազության, Փաստաբանների պալատի և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների միջև:

Քննարկումը հատկապես կարևորվել է այն առումով, որ 2022 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է համատեղ կիրառել Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը:

Համաժողովի շրջանակներում Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նոր օրենսգիրքը հիմնված է դատապարտյալների նկատմամբ անհատականացված պատժի կրման սկզբունքների վրա, ինչպես նաև՝ կարևորել որդեգրված գաղափարախոսությունն իրապես հուլիսի 1-ից իրավակիրառ պրակտիկայում ունենալու հանգամանքը:

Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ողջունել է համաժողովի ընտրված ձևաչափը և ընդգծել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի կարևորությունը, ինչպես քրեակատարողական հիմնարկների ներսում, այնպես էլ հասարակության շրջանակներում՝ քրեական ենթամշակույթի նկատմամբ զրո հանդուրժողականություն ապահովելու և այն արմատախիլ անելու տեսանկյունից:

Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ դիտարկելու Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ հնչած բոլոր նկատառումները, որոնք կօգնեն բարելավելու օրենսգիրքը:

Համաժողովն անցկացվել է Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի աջակցությամբ՝ ՄԱԿ-ի զարգացման «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: