Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I5055
A A
Քաղաքականություն

Մենք սրանով ՀՀ քաղաքացիներին ավելի մեծ իշխանություն ենք տալիս․ վարչապետը՝ համայնքների խոշորացման մասին

Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Ըստ այդմ՝ նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 5 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքային փնջերում:  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում  լրացումներ և փոփոխություն կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ: Առաջարկվում է նաև  համայնքներում վերացնել գլխավոր ճարտարապետների ինստիտուտը: Նախատեսվում է, որ համայնքի գլխավոր ճարտարապետին վերապահված վարչական գործառույթները կիրականացնի համայնքի ղեկավարի տեղակալը, իսկ մասնագիտական գործառույթները՝ աշխատակազմի մասնագետները և մասնագիտական խմբերը: Կկհստակեցվեն համայնքների միավորման պարագայում նորընտիր ավագանու առաջին նիստ հրավիրելու ժամկետը, համայնքի ավագանու նիստը հրավիրելու և վարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

 

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, 2016 թ.-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 72 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 72 համայնք: Ըստ նախարարի, օրինագծով  առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 5 համայնք:

      

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ  Փաշինյանը նշել է, որ գրեթե բոլոր համայնքներում այդ գործընթացը պետք է իրականացվի.  «Իհարկե կան որոշ բացառություններ, ասենք՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները: Բացառության մյուս պարագան կարող է  լինել հետևյալը, երբ մենք տեսնենք, որ  համայնքները խոշորացնելու դեպքում բնակչության թվի անհամաչափ մեծացում է տեղի ունենում: Այսինքն՝ միայն այս երկու դեպքում կարող ենք բացառություն անել: Մի շարք մարզերում, օրինակ՝ Տավուշի մարզում, ամբողջությամբ այս գործընթացն ավարտված է»:

 

Վարչապետը նշել է, որ համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ  նաև  քաղաքական շահարկումներ են տեղի ունենում: «Բացի տնտեսական արդյունավետությունից, մենք սրանով ՀՀ քաղաքացիներին ավելի մեծ իշխանություն ենք տալիս: Սա շատ կարևոր հանգամանք է՝ ժողովրդավարության ավելի մեծ հարթակ ենք բացում: Մենք համայնքների հզորացման գործընթաց ենք սկսել, ինչը նշանակում է, որ իշխանությունը հնարավորինս մոտեցնում ենք քաղաքացուն, այսինքն՝ քաղաքացու անմիջական որոշման տիրույթ ավելի շատ հարցեր ենք պատվիրակում: Ես ուզում եմ այս քաղաքական փոփոխությունն էլ մենք գնահատենք. նախկինում քաղաքացին ընտրում էր հնարավորինս փոքր համայնքի ղեկավար, հետո ընտրում էր Ազգային ժողով, հետո ընտրում էր նախագահ: Հիմա մենք հակառակ պրոցեսն ենք անում, իշխանության որոշակի, ըստ էության, հսկիչ փաթեթն ավելի մոտեցնում ենք քաղաքացուն. ավագանի և քաղաքապետ՝ իր լիազորություններով, հաջորդը՝ խորհրդարանական ընտրություններ, պատգամավորներ: Այսինքն՝ իշխանության և քաղաքացու կապն օրգանապես ավելի ուժեղ է դառնում, և սա շատ կարևոր հանգամանք է, և ուրախ եմ, որ մենք գնում ենք այս ճանապարհով: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մենք դարձրել ենք համամասնական: Այսինքն՝ այստեղ էլ ենք քաղաքական հարթակ  ստեղծել, որպեսզի քաղաքացին, որպես քաղաքական ինստիտուտ, ավելի մեծ լծակներ ունենա և հետագայում իր կայացրած որոշումը տեղում գնահատելու ավելի մեծ հնարավորություն ունենա: Եվ սա շատ կարևոր պրոցես է, և պետք է այս պրոցեսը հետևողականորեն առաջ տանենք  ամբողջ հանրապետությունում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, ոչ հաջորդ փուլով նախատեսվում է  կառավարության կողմից իրականացվող տարածքային  քաղաքականության մոդելի փոփոխություն, անդրադարձ կլինի  մարզպետարաններին և մարզերի կառուցվածքներին: