Բացել լրահոսը Փակել լրահոսը
16534984544381
A A
Քաղաքականություն

ԱԳ նախարար Միրզոյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ

Լիլիթ Կիրակոսյան. Հարցս ուղղում եմ ԱԳ Նախարար Արարատ Միրզոյանին։ Հարգելի՛ պարոն Միրզոյան, ընդդիմադիր թևը ոչ մի առիթ բաց չի թողնում՝ շահարկումներ անելու անընդհատ, ինչի մասին արդեն խոսվեց, խաղաղության օրակարգի բանակցային գործընթացի վերաբերյալ, և հարցս հենց այս մասով է․ անընդհատ շահարկվում է այս թեման այնպիսի վստահությամբ, թե ինչ է  բանակցվում, կարծես հենց բանակցողներն իրենք են։ Պարբերաբար խոսում են, կետեր են բերում և հրապարակումներ անում անկլավների մասին, միջանցքի և այլն։ Պարո՛ն Միրզոյան, ասացեք, վերջապես, խնդրում եմ, մեր պատկերացումերը վերջնական խաղաղության վերաբերյալ, ինչպես նաև մեր և Ադրբեջանի, նաև միջնորդների (Ռուսաստան, Արևմուտք, ԵԱՀԿ) ո՞ր պատկերացնումներն են, որ համըկնում են, և ո՞ր պատկերացումներներն են, որոնք չեն համընկնում, սակայն հնարավորություն կա բանակցելու և ընդհանուր եզրեր գտնելու, որոնց վերջանական արդյունքում կկարողանանք հաստատել խաղաղություն։ Շնորհակալ եմ։

Արարատ Միրզոյան․ Բարև ձեզ, հարգելի՛ խորհրդարան։ Շնորհակալ եմ հարցի համար։ Իրականում Ձեր հարցը, ըստ էության, ամբողջ բանակցային կամ ենթադրյալ բանակցային գործընթացի գրեթե բոլոր հնարավոր նրբերանգների մասին էր, և ես, իհարկե, կդժվարանամ այս ժամանակում բոլոր ենթահարցերին պատասխանել։ Բայց վարչապետը բավականին ծավալուն կերպով արդեն իսկ խոսեց այդ թեմաների մասին։ Կարող եմ ավելացնել միայն, որ այն ինչ, ըստ էության, կա Հայաստան-Ադրբեջան բանակցային կամ ենթադրյալ բանակցային սեղանին, բավականին թափանցիկ և հրապարակային է։ 

Կան մի քանի ուղղություններ, որոնցով արդեն իսկ ունենք որոշակի առաջընթաց, և կան ուղղություններ, որտեղ դեռ փորձում ենք հասկանալ այն հնարավոր կետերը, որտեղ դիրքորոշումները կարող են, կամ շանս ունեն համընկնելու։ Կարող եմ թվարկել․ օրինակ՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ուղղությամբ արդեն որոշակի առաջընթաց կա։ Տեղյակ եք, որ երեկ փոխվարչապետերը և նրանց գլխավորած հանձնաժողովները հանդիպել են Հայաստան-Ադրբեջան սահմանին, և ենթադրում եմ, որ առաջին հանդիպումը որոշակիորեն աշխատանքային և մեթոդական հարցերի վերաբերյալ  է  եղել։ Կա պայմանավորվածություն՝ կազմակերպելու մյուս հանդիպումը Մոսկվայում։ Անշուշտ, որոշակի պատկերացումներ կան։

Մեկ այլ ուղղություն տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացման մասին է։ Այստեղ ևս որոշակի պատկերացումների համընկնումներ կան։ Այս մասին բազմիցս խոսվել է։ Կարող եմ վերահաստատել․ բոլոր բացվելիք ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության և օրենսդրության ներքո, որոնցով որ անցնում են։ Կան էլի համընկնումներ՝ պատկերացումների։ Այս առումով ես կարող եմ ասել, որ լավատես եմ։ Անշուշտ, ավելորդ չեմ համարում նշել, որ «Զանգեզուրի միջանցքը»՝ այն տրամաբանությամբ, որով որ շրջանառվում էր տարի ու կես, երկու տարի կամ ամիսներ շարունակ, և որը որ ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել, մեզ համար այդ տրամաբանությունն անընդունելի է, և կարծես թե՝ կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու․ բացվելու են տնտեսական ուղիները, բայց այն մեխանիզմներով և պարամետրերով, որոնք մեզ համար ընդունելի են։

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանգրի մասով․ քիչ առաջ նաև վարչապետն ասաց, որ առայժմ, ըստ էության, երևի թե կարելի է ասել՝ դրանք բանակցություններ են բանակցությունների մասին։ Այստեղ կողմերը փորձում են հասկանալ պարամետրերը, կառուցվածքը, ձևաչափը և այլն։ Մենք այստեղ ունենք մեր հստակ դիրքորոշումները։ Ադրբեջանը ևս ունի իր դիրքորոշումները։ Միջնորդները երբեմն, ժամանակ առ ժամանակ արտահայտում են իրենց դիրքորոշումները։ Այս դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են, կամ գուցե՝ շատ ավելի հաճախ չեն համընկնում, քան համընկնում են։ Բայց բանակցությունները նաև այսպիսի հարցեր լուծելու համար են։  

Վահագն Ալեքսանյան. Շնորհակալություն, հարցս ուզում եմ ուղղել արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Պարո՛ն նախարար, կցանկանայի բարձրաձայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատաքների և, այսպես ասած, կենսունակության վերաբերյալ։ Քանի որ տարբեր կողմերից հայտարարություններ հնչեցրին, ուզում եմ հարցնել՝ կա՞ կոնսենսուս ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահության մանդատի և աշխաանքների վերաբերյալ։ Ի՞նչպես կգնահատեք այդ ձևաչափի ապագան, ի՞նչ է արվում, որպեսզի առաջիկայում վերսկսվեն ղարաբաղյան բանակցությաւնները՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներում։

Արարատ Միրզոյան․ Պարո՛ն Ալեքսանյան, ակնհայտ է և, կարծեմ՝ անցած անգամ էլ այստեղ խոսել ենք այդ մասին, որ ուկրաինական պատերազմի բերումով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները, մեղմ ասած, ակտիվ չեն ընթանում, եթե ընդհանրապես կարելի է փաստել, որ չեն եղել աշխատանքներ, համենայն դեպս, տեսանելի աշխատանքներ այդ շրջանակներում։ Մինչ այդ կհիշեք, որ Ադրբեջանն էր այն երկիրը, որ մերժում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, և այդ ձևաչափով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, կարիքը, առաջարկը։ 

Բայց ուկրաինական պատերազմից հետո նաև համանախագահների շրջանում որոշակի տարակարծություններ կան։ Մենք տեսնում ենք մեր խնդրի, այդ թվում և մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման առումով բանակցությունների տեղը և ձևաչափը հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այս մասին մենք շարունակաբար և անդադար կիսվում և խոսում ենք, և այս ուղղությամբ աշխատում ենք բոլոր միջազգային գործընկերների հետ և առաջին հերթին՝ իհարկե, համանախագահների հետ։ 

Ուրախությամբ պետք է փաստեմ, պարո՛ն Ալեքսանյան, որ վերջերս, կարծում եմ, նկատած կլինեք, որ համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ հենց այդ ձևաչափում աշխատանքները շարունակելու։ Դա կարող եք տեսնել և՜ ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի վերջին հանդիպումից հետո արված համատեղ հայտարարության մեջ, և՛ իմ՝ վերջերս Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում իմ և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպման արդյունքում արված հայտարարության մեջ, պետքարտուղար Բլինքենի և Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցների արդյունքում արված հայտարարություններում, ֆրանսիացի գործընկերների կողմից արվող հայտարարություններում։ Այնպես որ՝ ասել, որ կա կոնսենսուս, ինչպես Դուք էիք հարցնում, այս հարցում, այնուամենայնիվ, կլինի չափազանցված․ կոնսենսուս չկա, և առաջին հերթին՝ հենց Ադրբեջանի կողմից և Ադրբեջանի ջանքերով։ Բայց և, ինչպես դասականը կասեր՝ այս ձևաչափի մահվան մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են։ Շնորհակալ եմ։ 

Վահագն Ալեքսանյան․   Շնորհակալություն, և հենց Ձեր տված պատասխանի կոնտեքստում, պարո՛ն Միրզոյան, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շուրջ պաշտոնական Երևանը Բաքվի հետ  բանկացում է և՛ Եվրամիության, և՛ Ռուսաստանի  միջնորդությամբ։ Հաշվի առնելով Արևմուտք-Ռուսաստան ներկայիս հարաբերությունները՝ որքանո՞վ է արդյունավետ այս գործընթացը։

Արարատ Միրզոյան․ Պարո՛ն Ալեքսանյան, ես կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող և չպետք է թույլ տա այս գործընթացում վակուումի գոյությունը կամ առաջացումը։ Այս առումով․ անշուշտ, մենք ողջունում ենք նաև Եվրամիության ջանքերը և մասնակցում ենք ջանքերին, և այդ ջանքերը արդեն նաև շոշափելի արդյունքներ են տալիս։ Ես կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակել և բազմիցս վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ կառուցելու խաղաղություն մեր տարածաշրջանում, կարգավորելու հարաբերությունները Ադրբեջանի հետ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական, փոխընդունելի կարգավորում գտնելու  ուղղությամբ։ Այս առումով մենք ողջունում ենք բոլոր հնարավոր ջանքերը։ 

Վերադառնալով արձագանքին նախորդած բուն հարցին՝ այո, մենք տեսնում ենք այդ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, բայց նաև այո, մենք կրկին՝ չենք կարող թույլ տալ մեզ վակուում, և այո, մենք ողջունում ենք բոլոր հնարավոր ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

Լիլիթ Մինասյան. Շնորհակալություն, հարցս ուղղում եմ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Պարո՛ն Միրոզյան, այս տարվա մայիսի սկզբին Դուք շատ կարևոր այց ունեցաք Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Քանի դեռ Ազգային ժողովում առիթ չենք ունեցել անդրադառնալ այդ այցին, խնդրում եմ մի փոքր ներկայացնել  մանրամասները։ 

Արարատ Միրզոյան․ Վստահ եմ՝ գիտեք, որ 2019թ․ որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ձևաչափը բարձրացնել ռազմավարական երկխոսության մակարդակի։ Եվ ահա, այս այցը հենց այդ ռազմավարական երկխոսության շրջանակներում էր։ Պետք է գոհունակությամբ փաստեմ, որ բավականին արդյունավետ էին և՛ քննարկումները, և՛ ձեռքբերված պայմանավորվածությունները, և՛ առհասարակ շփումները, և հետո՝ այդ այցի շրջանակներում և արդյունքներով ընդունված հայտարարությունները։ Տեղյակ եք, կարծում եմ, որ մենք նաև այդ օրերին պետքարտուղար Բլինքենի հետ ստորագրեցինք Միացյալ Նահանգերի և Հայաստանի Հանրապետության միջև քաղաքացիական միջուկային համագործակցության մասին հուշագիր։ Անշուշտ, սա հուշագիր է, սա կոնկրետ համաձայնագիր չէ, բայց միևնույն ժամանակ, չարժե թերագնահատել այս հուշագիրը, որը որոշակի հնարավորություններ է բացում։ Թե որոնք կլինեն այդ հնարավորությունների ուղղությունները կամ դրսևորումները, որոնք կյանքի կկոչվեն, հետագա աշխատանքի արդյունք է։ 

Նաև ուզում եմ ասել, որ այցի արդյունքներով փաստվեց, որ Միացյալ Նահագները շարունկաում է հանձնառու լինել տարածաշրջանային խնդիրներում իր դրական և կառուցողական դերակատարման շարունակականությանը, այդ թվում նաև՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, և այլն, և այլն։ 

Անշուշտ, մեր հանդիպումները և քննարկումները բացի պետքարտուղարությունից եղան նաև Կոնգրեսում։ Սովորաբար այդպիսի այցի շրջանակներումում ես մասնակցում եմ նաև քննարկուների ամերիկյան «think tank»-երում, և այս անգամ ևս։ Ես կարծում եմ՝ դա ևս լավ հնարավորություն է բոլոր գոյություն ունեցող հացերի վերաբերյալ հայկական դիրքորոշումները հանրայնացնելու և ամերիկյան քաղաքագետների, փորձագետների, քաղաքական գործիչների շրջանում հասկանալի դարձնելու, և այս առումով կարծում եմ, որ այցը բավականին հաջողված էր։

Նարեկ Բաբայան. Շնորհակալություն, ես նույնպես հարցս ուղղում եմ արտաքին գործերի նախարարին։ Հարգելի՛ պարոն Միրզոյան, վերջերս Դուք բավականին տպավորիչ այց ունեցաք Հնդկաստան, և իհարկե հայ-հնդկական հարաբերությունները և դրանց զարգացումը մեզ համար շատ կարևոր են։ Ես ուզում եմ որոշ մանրամասներով կիսվեք՝ հաշվի առնելով նաև այն, որ բավականին ներկայանալի էր բիզնես տեսնակյունից մեր պատվիրակությունը, շնորհակալություն:

Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ, պարո՛ն Բաբայան: Իսկապես, ես էլ մեծ կարևորություն եմ տալիս մեր այցին Հնդկաստան: Այցի շրջանակներում մենք բավականին արդյունավետ քննարկումներ ունեցանք Հնդկաստանի ԱԳ նախարար Ջայշանկարի հետ: Նաև ընդունելության արժանացանք Հնդկաստանի վարչապետ Մոդիի կողմից: Կհիշեք՝ անցյալ տարի կայացել էր Հնդկաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան, և այդ ժամանակ մենք հարաբերությունների խորացման ճանապարհային քարտեզ էինք մշակել և կոնկրետ քայլեր էինք նախանշել: Եվ ահա, այս այցը լավ հնարավորություն էր՝ ի մի բերելու, ամփոփելու այն ամենն, ինչ արվել էր արդեն և նախանշելու այն ուղղությունները, որով պիտի շարունակենք զարգացնել մեր հարաբերությունները: 

Իսկ մենք, կարծում եմ, շատ շահագրգռված ենք և հետաքրքրված ենք Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացմամբ: Դա մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններից մեկն է: Եվ մեր հետաքրքրությունները և՛ քաղաքական երկխոսության մակարդակի վրա են, և՛ տնտեսական, և՛ այլ ոլորտներին են առնչվում: Եվ Դուք ինքներդ նշեցիք, որ մեր այցի ընթացքում մեր պատվիրակությանն ուղեկցում էր բիզնես շրջանակներ ներկայացնող բավականին լուրջ մի պատվիրակություն: Հնդկաստանում, մասնավորապես՝ Նյու Դելիում և Մումբայում տեղի ունեցան գործարար շրջանակների միջև հանդիպումներ, բիզնես-ֆորումներ, և այլն: Ձեռք բերվեցին շատ լավ կոնտակտներ, նախնական պայմանավորվածություններ: 

Անշուշտ, պետությունը պետք է միջավայրն ապահովի, որտեղ կարող են բիզնես-բիզնես ուղիղ կոնտակնտները տեղի ունենալ, մնացածը, թերևս, նաև մեր գործարար շրջանակներից է կախված: Կարող եմ ներկայացնել նաև որոշակի արձագանք նույն այդ գործարար շրջանակներից: Բավականին ոգևորություն կար նրանց շրջանում, և կարծում են, որ մենք կունենանք շատ շոշափելի արդյունքներ:

Մենք նաև նախանշում ենք Հնդկաստանից գործարար պատվիրակության այց Հայաստանի Հանրապետություն, որը հնարավորություն կտա նոր պայմանավորվածություններ ձեռք բերել, կամ եղած պայմանավորվածությունները կյանքի կոչել: Նաև, եթե նկատել եք, ես հնարավորություն ունեցա մասնակցել և ելույթ ունենալ  «Raisina Dialogue»  կոչվող միջազգային, քաղաքական-դիվանագիտական երկխոսության հարթակում, և դա էլ լավ հնարավորություն էր՝ մեր դիրքորոշումները ներկայացնելու:

Լիլիթ Ստեփանյան․ Հարցս ուղղում եմ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Խորհրդարանական ընդիմությունը, որի լիդերները պարբերաբար հայտարարում են, որ իրենք լիդերի խնդիր չունեն, փաստորեն, չեղած լիդերներով,  ասպատակելով Երևանի փողոցները, նրանք երեկ հասել և պաշարել են ԱԳՆ շենքը՝ խանգարելով այդ կառույցի բնականոն գործունեությունը, խոչընդոտելով աշխատակիցների աշխատանքին՝ հստակ գնահատելով և գիտակցելով, որ հատկապես 44-օրյա պատերազմից և 2021թ․ արտահերթ ընտրություններից հետո կապված իշխանության խաղաղության օրակարգի հետ՝ տվյալ կառույցի աշխատանքները հազարապատիկ կարևորվել են։ 

Գաղտնիք չէ, որ ԱԳՆ աշխատակիցները աշխատում են 24/7 ռեժիմով և սպասարկում են ՀՀ շահերը՝ ինչպես տարբեր երկրների հետ ունեցած հարաբերություններով և բանակցություններով, այնպես էլ՝ համագործակցելով միջազգային գործընկերների հետ։ Երեկ տեղի ունեցած խայտառակ շոուն, որն ուղեկցվում էր որոշների ինքնամոռաց ցանկությամբ՝ ամեն մեկի, թեկուզ իրենց համակիրների գլխի վրայով հայտնվել արտգործնախարարության շենքում և որևէ տեղ փակցնել Արցախի դրոշը, իրենց կողմից է որակվում որպես ՀՀ շահերի առաջմղում և ՀՀ շահերի սպասարկում, այսպես ասած։ Բոլորին է հայտնի այս խմբակի իրական ցանկությունը, սակայն դիվանագետի, մասնավորապես՝ փոխնախարարի հետ վերջնագրի, ինկվիզիտորական շեշտադրումներով խոսքը, կամ պատասխանի սպասելը, իսկապես նորություն էր։ Կխնդրեմ Ձեր գնահատականը և մեկնաբանությունն այս առիթով։ Որքանո՞վ ենք այս դեպքերը վնասում ՀՀ միջազգային հեղինակությանը, և արդյո՞ք չեն թուլացնում պաշտոնական Երևանի դիրքերը բանակցային կարևոր հանդիպումներից առաջ։

Արարատ Միրզոյան․ Շնորհակալ եմ, տիկի՛ն Ստեփանյան։ Կարծում եմ՝ Ձեր հարցը ավելի շատ ներքին գործերի նախարարին պետք է ուղղված լիներ, և վերաբերում է արտաքին գործերի նախարարին այնքանով, որ դա արտաքին գործերի նախարարության շենքն էր։ 

Կհամաձայնեմ Ձեր հնչեցրած գնահատականի հետ․ դա, իսկապես, խայտառակ շոու էր։ Գիտեք, քաղաքական գործչին, ընդհանրապես քաղաքակիրթ մարդուն ոչ հարիր պահվածք․ պատգամավորները, օգտագործելով իրենց պատգամավորական որոշակի արտոնությունները, մուտք են գործել նախարարության շենք՝ քննարկելու, ենթադրում եմ, հարցեր ուղղելու ինձ և ինձնից պատասխաններ լսելու։ 

Այդ ընթացքում, այդ միջակայքում փոխնախարարների հետ հանդիպման ընթացքում պաշտոնյային բավականին ոչ վայելուչ պահվածք են դրսևորել, ընդհանրապես՝ ընդդիմադիրին ոչ վայելուչ։ Չեմ կարող նշել այնպիսի իրավիճակ, որտեղ այդ պահվածքը վայելուչ կհամարվեր։ Ի պատիվ մեր պաշտոնյաների՝ նրանք կարողացել են բավականին սառնասիրտ իրենց դրսևորել այդ իրավիճակում, ինչը, իհարկե, չի փոխում այն հանգամանքը, որ մյուս կողմը բավականին անպատկառ է իրեն պահել։ 

Գիտեք, ինչ վերաբերում է Արցախի դրոշներ փակցնելուն, տեղադրելուն՝ ներողություն, բայց այդ մարդիկ 30 տարի ժամանակ են ունեցել դա անելու և, կարծես թե, ես չեմ նկատել, որ այն ժամանակ, երբ նրանց մի մասը եղել են իշխանություն, կամ իշխանության, կոալիցիայի մաս, զարդարել էին ԱԳ նախարարության շենքը կամ ապակիները Արցախի դրոշներով, կրում էին այդ դրոշները իրենց կոստյումների վրա։ Նույն դրոշը, որ փորձել են տեղադրել ԱԳ նախարարության ֆոյեում, որտեղ տեղադրված են ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների դրոշները, ես չեմ հիշում, որ նրանք այդ բանն արած լինեին իրենց իշխանության ժամանակ։ Թող տանեին և դնեին Արցախի դրոշն ԱԳ նախարարության ֆոյեում, երբ նրանք կառավարություն էին, կառավարության անդամ էին, կամ նախագահ էին։ 

Մենք, ինչպես շարունակել ենք ծառայել մեր երկրին, այնպես էլ շարունակելու ենք ծառայել, այդ թվում՝ ԱԳՆ աշխատակիցները։ Այո, նրանք աշխատում են գրեթե 24/7 ռեժիմով։ Նրանք գործադրում են իրենց ջանքերը, և դեռ մի բան էլ՝ այդ ջանքերից հնարավորինս ավելին, որպեսզի լավագույնս և պատշաճ մակարդակով ներկայացնեն մեր շահերը և հասնենք այն հնարավոր ամենալավ լուծումներին՝ մեր ունեցած միջազգային բոլոր խնդիրներում՝ եղած բոլոր հնարավոր միջազգային հարթակներում։

Լիլիթ Ստեփանյան․ Պարո՛ն Միրզոյան, հատկանշական է, որ այսօր փողոցային պայքարի դուրս եկած մեր գործընկերներից շատերը նախկինում ներգրավված են եղել բանակցային գործընթացում, ունեցել են ակտիվ մանսակցություն, և հստակ գիտեն, որ հատկապես կարևոր հանդիպումներից առաջ, և ընդհանրապես, դիվանագիտության մեջ չկան անկարևոր մանրուքներ, և այն, ինչ նրանք անում էին, իսկապես գիտակցված էին անում։ Ես չգիտեմ՝ նրանք ինչ էին ցանկանում նախապես վիժեցնել, բայց մենք գիտենք, որ մեր ընդդիմադիր գործընկերներից մեկի հետ, Դուք, այնուամենայնիվ, ունեցել եք հանդիպում։ Թերևս, այսօրյա Հայաստանի ամենաակտուալ հարցերից մեկը Ձեզ տամ․ ի՞նչ են նրանք ուզում ԱԳՆ աշխատակիցներից, նրանց ներկայացուցիչը կարողացե՞լ է ձևակերպել իրենց ցանկությունը կամ խնդրանքը։

Արարատ Միրզոյան․ Եթե Դուք խոսում եք երեկվա միջադեպի մասին՝ ես նրանցից որևէ մեկի հետ հանդիպում չեմ ունեցել։ Նախկինում՝ այո, ունեցել եմ։ Հիշում եք, որ բազմաթիվ, շարունակական հարցեր կային Հայաստանի ներկայացրած 6 կետերի վերաբերյալ, և ես հրավիրեցի, և այդ հրավերն ընդունվեց, և ես ուղղակի այն ցույց եմ տվել։ Եվ, կարծես, դրանից հետո այդպիսի սկանդալային բացահայտումների մասին հայտարարություններ իր կամ իրենց կողմից չեն հնչել։ Սա է եղել:

Երեկ, ենթադրում եմ՝ իրենք հարցեր ունեին նաև ինձ, որովհետև առաջին քաղաքական պատասխանատուն այդ գերատեսչությունում, բնականաբար, ես եմ։ Ենթադրում եմ, որ Սահմանադրությունը նախատեսել է այդպիսի մեխանիզմ, և այսօր ճիշտ այն օրն է, և մեր գործընկերները կարող էին այստեղ ներկա լինել, ոչ թե իրենց դատարկ աթոռները, և իրենց ամենասուր հարցերը հնչեցնել, այդ թվում՝ ինձ, և իրենց ամենասուր քննադատությունը հնչեցնել հարցերի շրջանակներում։ 

Ես կոռեկտ չեմ համարում կիսվել այն գնահատականներով, որոնցով իմ բազմաթիվ միջազգային գործըներներ կիսվել են՝ ուղղված մեր սիրելի և հարգելի ընդիմությանը։ Իսկապես կոռեկտ չեմ համարում։ Եթե բարձրաձայնեի, այդքան լավ չէր հնչի իրենց համար։ Դուք ասացիք՝ ինչ են ուզում վիժեցնել, ես վստահ չեմ, որ երեկվա այդ ակցիան ուզում էր վիժեցնել ինչ-որ բան, թե պատասխան էր ինչ-որ կոնկրետ բանի․ ես ուզում եմ այստեղից և՛ իրենց, և՛ իրենց տերերին ասել, որ չի ստացվելու։ Շնորհակալություն։

Թագուհի Ղազարյան․Պարո՛ն Միրզոյան, արդեն մի քանի ամիս է ընթանում է Հայաստան-Թուքիա կարգավորման գործընթացը։ Այս շրջանակում մի քանի հանդիպումներ հատուկ բանագնացներն են ունեցել․ Դուք ևս շփումներ եք ունեցել Թուրքիայի գործընկերների հետ։ Հետաքրքիր է, թե այս պահին ի՞նչ կարող եք ասել, ո՞ր փուլում է գործընթացը, ինչ-որ բան տեղից շարժվե՞լ է, թե ոչ, արդյո՞ք արդյունքներ ունենք, թե ոչ և արդյո՞ք հավանական եք համարում, որ առաջիկայում հնարավոր է հանդիպում տեղի ունենա Հայաստնաում կամ Թուրքիայում։

Արարատ Միրզոյան․ Շնորհակալություն, տիկի՛ն Ղազարյան։ Անկեղծ ասած՝  ես գուցե արդարացիորեն, գուցե՝ ոչ, բայց այդքան մեծ կարևորություն չեմ տալիս հանդիպման վայրին։ Ես չեմ բացառում, որ ինչ-որ պահի, երբ որ գործընթացն արդեն շոշափելի հաջողություններ սկսի արձանագրել, այդպիսի հանդիպումներ լինեն նաև Երևանում և Անկարայում, ինչու ոչ։ 

Այս պահին կարող եմ ասել, որ ցավալիորեն՝ որքան էլ որ վերբալ մակարդակում և հանրային խոսքի մակարդակում ասվում է, որ գործընթացն առանց նախապայմանների է, այնուամենայնիվ, մեր թուրք գործընկերները որոշակիորեն սինքրոնացնում են այս գործընթացը Ադրբեջանի հետ մեր ունեցած գործընթացի հետ, կամ նարատիվի մաս են դարձնում դա։ Անդրադառնալով, իհարկե, կրկին, հանուն արդարության, նախապայման չդարձնելով ․․․ Եվ սա, իհարկե, կառուցողական, հավելյալ արժեք չի հաղորդում գործընթացին և ավելի կառուցողական չի դարձնում մթնոլորտը։ Քննարկումները շարունակվում են․ այս պահին որևէ էական, շոշափելի արդյունք, ցավոք սրտի, չկա։ Հուսով եմ, որ առաջիկայում կկարողանանք այդպիսի արդյունքներ ունենալ։ 

Կարող եմ մեր կողմից վերահաստատել, որ մենք հաստատակամ և անկեղծ ենք հրապարակայնորեն հայտնած մեր դիրքորոշման մեջ, մենք հետաքրքրված ենք սահմանի բացմամբ և հարաբերությունների հաստատմամբ։ Եվ կուզեինք նույնը տեսնել նաև թուրքական կողմից՝ ես ասացի, և՛ ադրբեջանական նարատիվը, և՛, օրինակ, Թուրքիայի արտգործնախարարի զանազան ժեստերը, և այլն, չեն նպաստում այդ գործընթացին։