Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Մշակույթ

Երևանում մեկնարկում է ժամանակակից արվեստի Armenia Art Fair-ը

Համախմբելով արվեստագետներին, ոլորտի գիտակներին ու միջազգային հանրահայտ համադրողներին՝ Արմենիա Արտ Ֆեյրը Երևանում սկսում է ժամանակակից արվեստի շաբաթը, որի շրջանակում կցուցադրվեն Հայաստանում, Կովկասում և այլ տարածաշրջաններում ստեղծագործող արվեստագետների աշխատանքները։

Արմենիա Արտ Ֆեյրի բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 27-ին՝ ժամը 19:00-ին, «Երևան Էքսպո» կենտրոնում` Հակոբ Հակոբյան 3 հասցեով: Լրատվամիջոցներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու բացման արարողությունը, ինչպես նաև Արմենիա Արտ Ֆեյր 2022-ի դինամիկ ծրագիրը՝ արվեստի եզակի​ ինստալյացիաները և ​​նախագծերը, արվեստի վերաբերյալ քննարկումները և Հայաստանի ժամանակակից արվեստի մասին առաջին անգլերեն գրքի շնորհանդեսը:

Ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո, նոր պայմաններին հարմարվելով, Արմենիա Արտ Ֆեյրը վերադառնում է՝ սիրով ընդունելով ինչպես իր նախկին միջոցառումներին մասնակցած հայտնի արվեստագետներին, այնպես էլ նոր մասնակիցներին տարածաշրջանից: Արմենիա Արտ Ֆեյրը եզակի միջոցառում է՝ բացահայտելու ժամանակակից արվեստը և արվեստագետներին Հայաստանից, Կովկասից և այլ տարածաշրջաններից, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից ու Ասիայից: Այն հարմար հարթակ է թե´ կայացած պատկերասրահների, թե´ նորեկների համար, բաց և դինամիկ միջավայր, որտեղ հավաքորդներն ու հանրությունը կարող են խելամիտ գնով արվեստի բարձրորակ գործեր ձեռք բերել:

Արմենիա Արտ Ֆեյրին որպես գլխավոր գործընկեր միացել է Ամերիաբանկը` նպաստելով, որ հայ հասարակությունը հաղորդակից դառնա ժամանակակից արվեստի գործերին:

2022 թվականին Արմենիա Արտ Ֆեյրն առանձնանում է Հոնկոնգի Hanart TZ պատկերասրահի հետ համատեղ ներկայացվող չինացի ժամանակակից արվեստագետների աշխատանքների՝ երկար սպասված ցուցադրությամբ։

Այս տարվա «Կրթություն և մշակույթ» ծրագիրը՝ արվեստի փորձագետների և ազդեցիկ ներկայացուցիչների մասնակցությամբ, անդրադառնալու է տարածաշրջանի զարգացման կարևոր հարցերին և միտումներին համաշխարհային արվեստի համատեքստում: Ծրագիրը վարում և ղեկավարում է բրիտանացի արվեստի փորձագետ և գրող դոկտոր Իյեն Ռոբերթսոնը:

Արմենիա Արտ Ֆեյրի «Հանդիպի´ր գալերիստներին» հարթակի շրջանակում հայտնի միջազգային պատկերասրահների հիմնադիրներն ու ղեկավարները ժամանակակից արվեստի միտումների վերաբերյալ սեմինարներ կվարեն: Մասնավորապես, խոսնակների թվում են Սունդարամ Թագորը՝ արվեստաբան, գալերիստ (արվեստի գիտակ) և մրցանակակիր կինեմատոգրաֆիստ, Չանգ Ցոնգ-Զունգը՝ համադրող, «Hanart TZ» պատկերասրահի գեղարվեստական ​​ղեկավար և հնդկա-չինական «West Heavens» մշակութային փոխանակումների ծրագրի նախաձեռնող, Ջանեթ Ռեդին՝ ժամանակակից արվեստի մասնագետ, Լոնդոնի և Դուբայի «Janet Rady Fine Art» պատկերասրահի հիմնադիր։

Արմենիա Արտ Ֆեյր 2022-ը նաև կանդրադառնա «Արվեստ և տեխնոլոգիա» թեմային՝ բացահայտելու անալոգայինի և թվայինի, տեսողական պատկերների, նյութի, ձայնի և տեխնոլոգիայի խաչաձևումները ժամանակակից արվեստի պրակտիկայում՝ կենտրոնանալով չփոխարկվող նշանների (non-fungible token, NFT) և արվեստի թվայնացման վրա:

«Ուշադրության կենտրոնում» ձևաչափի շրջանակում կքննարկվի «Մշակութային կայունությունը և շահույթ չհետապնդող հատվածի դերը տարածաշրջանային և ազգային արվեստի զարգացման գործում» թեման: Կլոր սեղանի հիմնական բանախոսները կլինեն Բելգիայում գործող «Բողոսյան» հիմնադրամից Ժան Բողոսյանը և Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր և տնօրեն Նազարեթ Կարոյանը։

Արմենիա Արտ Ֆեյր 2022-ի ընթացքում տեղի կունենա Իյեն Ռոբերթսոնի «Հայ ժամանակակից արվեստի ուղեցույց» գրքի շնորհանդեսը. գրքի ստեղծմանը մասնակցել է նաև Նազարեթ Կարոյանը։ Գիրքը հրատարակել է «Արմենիա Արտ Ֆեյր» արվեստի հիմնադրամը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ:

Արմենիա Արտ Ֆեյրի շրջանակում կբացվի 2 գործընկերային ցուցահանդես՝ լիբանանահայ գեղանկարիչ և քանդակագործ Րաֆֆի Ետալեանի «Ասիմետրիկ բալանս» ցուցահանդեսը՝ «ՀԲԸՄ Հայաստան»-ի գրասենյակում, և Կատարինա Մադերթաների «Տնից լավ տեղ չկա» ցուցահանդեսը՝ «Դալան» պատկերասրահում։