Բացել լրահոսը Փակել լրահոսը
որոնումներ Արցախում
A A
Պաշտոնական Հասարակություն

Արցախում անհետացած քաղաքացին հայտնաբերվեց

Այսօր ժամը 07:30-ի սահմաններում հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին՝ տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։

Ձեռնարկված որոնողակա-փրկարարական աշխատանքների արդյունքում, այսօր` ժամը 07։30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքից դեպի Կաչաղակաբերդ տանող անտառամերձ տարածքում հայտնաբերվել է, մայիսի 22-ին անհետացած, ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն:

Փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և քաղաքացուն նշված տարածքից ուղեկցել անվտանգ տեղամաս, որից հետո վերադարձել մշտական տեղակայման վայր։ Պարզվել է, որ Ս.Մ.-ն տեղանքում չկարողանալով կողմնորոշվել կորել է:

Կապի բացակայության պատճառով քաղաքացին չի կարողացել կապ հաստատել արշավախմբի անդամների հետ և սկսել է ինքնուրույն փնտրել անտառից դուրս գալու ճանապարհը: Այսօր վաղ առավոտյան 07:30-ի սահմաններում Ս. Մ-ն նկատելով ճանապարհը դուրս է եկել երևացող տեղանք, որտեղ էլ փրկարարները նրան նկատել են:

Նշենք, որ մայիսի 22-ին, ժամը 02:15-ին մեկնարկած որոնողական աշխատանքներին ներգրավվել են ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի և առանձին ջոկերի հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը: Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ հերթապահ մասեր: