Երիտասարդը ձեռքով մեքենան օդ է բարձրացնում․ առաջին հայկական կինոկոմիքսն արդեն էկրանին է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ տեղի ունեցավ «Վիշապ» վերտառությամբ առաջին հայկական կինոկոմիքսի պրեմիերան։ Նախագծի պրոդյուսեր Արման Միտոյանի խոսքով՝ հեծանիվ չեն հորինել և նման ֆիլմերի օրինակները շատ են աշխարհում։
«Ամբողջ աշխարհում կա սուպերհերոսների ձևաչափը։ Մտածեցինք՝ ինչու չունենանք մենք մեր հայկական սուպերհերոսին, որովհետև երեխաները էլ ավելի շահագրգռված լինեն դաստիարակվել բարի և դրական հերոսի շարժառիթներով»,- ասաց Արման Միտոյանը՝ հավելելով, որ մտահղացումը ծնվել է «Շարմ հոլդինգի» գործադիր տնօրեն Ռուբեն Ջաղինյանի մոտ։
Նախագծի պրոդյուսերը նշում է,որ շատ բարդ ճանապարհ է անցել ֆիլմը կապված 2020 թվականի բոլոր դժվարությունների հետ և ինչպես ինքն է ասում՝ սուպերհերոսական ճանապարհ անցնելուց հետո ունեցան պրեմիերա։
Արման Միտոյանի կարծիքով՝ առաջին հայկական կինոկոմիքսը կսիրվի երիտասարդության և երեխաների կողմից, որովհետև հայկական իրականության մեջ սա առաջինն է։
Ֆիլմի հիմքում ընկած է հայկական լեգենդը և ֆիլմի պատմության մեջ նախագծի հեղինակները փորձել են մաքսիմալ հայկականություն ապահովել ֆիլմում և ըստ պրոդյուսերի՝ հայկական լեգենդում քիչ տեղ չեն գրավում նաև վիշապաքարերը և ֆիլմի գլխավոր հերոսի գերբնական ուժը հենց այդտեղից է գալիս։
Առաջին հայկական կինոկոմիքսում նկարահանվել են ինչպես հայտնի ու սիրված, այնպես էլ հանրության համար նոր դերասաններ։ Ֆիլմը մայիսի 19-ից ցուցադրվելու է Երևանի կինոթատրոններում։
Մանրամասները՝ տեսանյութում։