Բացել լրահոսը Փակել լրահոսը
մետրո
A A
Հասարակություն

Քաղաքացին ընկել է մետրոյի շարժասանդուղքի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում մայիսի 19-ին միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքացին մետրոպոլիտենի շարժասանդուղքով իջնելիս՝ փորձել է գրպանից հանել բջջային հեռախոսը, սակայն, կորցնելով ինքնակառավարումը, ընկել է։

Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը դեպքի հետ կապված մանրամասներ է հայտնել` նշելով, որ անմիջապես կանգնեցվել է շարժասանդուղքի աշխատանքը։ Դեպքի մասին հերթապահը տեղեկացրել է մետրոպոլիտենի գնացքային կարգավարին, որն էլ ժամը 10։03 րոպեին կանչել է շտապօգնություն։

«Մինչ շտապօգնության ժամանելը՝ մետրոպոլիտենի աշխատակիցների և մետրոպոլիտենում ծառայություն իրականացնող ոստիկանների օգնությամբ ուղևորին իջեցրել են կառամատույցին, որտեղ էլ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։ ժամանած շտապօգնության բրիգադը ուղևորին տեղափոխել է հիվանդանոց»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Տաթև Խաչատրյանը՝ հավելելով, որ դեպքի հետ կապված ուղևորը բողոքներ չունի։