Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արամ Հարությունյան
A A
Քաղաքականություն

Արամ Հարությունյանի գործը Վճռաբեկը չի քննի

Վճռաբեկ դատարանն վարույթ չի ընդունել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի գործով դատախազության բողոքը։

Արամ Հարությունյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով՝ բռնության կոչերը, բռնություն գործադրելը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ Արամ Հարությունյանը Youtubе կայքէջում 22.12.2020 թվականին տեղադրված «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով 6 րոպե տևողությամբ տեսանյութում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր, մասնավորապես՝ տեսաուղերձի ընթացքում նշել է․ «Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդինն ա, Թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են, Նիկոլ, քո ընտանիքի համար, քո ընտանիքի անվտանգության համար արի, էստեղ, ծնկաչոք ներողություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետև դու պատժվելու ես, եթե չգաս, դու չես կարա փախնես, չես հասցնի փախնես, մենք չենք կարող ամեն հայի ձեռք բռնել, մարդ կա երկու երախա ա կորցրել, մարդ կա՝ ընտանիքը, տունն ա կորցրել, ոչ մեկը չի կարող էտ մարդու ձեռքը բռնել․ եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»։

Թե  առաջին եւ թե Վերաքննիչ դատարաններն արդարացրել էին Արամ Հարությունյանին։ Ուստի Վճռաբեկի որոշումը սպասելի էր։

   «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի խոսքերով՝  իր մտահոգությունը կապված էր երկրի անվտանգության,  ապագայի եւ  նաեւ վարչապետի հետ։

 «Քննարկումը գնաց այնպես, որ ես փորձում եմ կանխել այդ ամեն ինչը, որ հաշվեհարդար չտեսնեն»,- «Ա1+»-ին ասաց Արամ Հարությունյանը։

  Ըստ նրա՝    այս  մեծ խաղում Նիկոլ Փաշինյանն ավելի փոքր դեր ուներ, քան  նախագահ Արմեն Սարգսյանը։ «Այդ ամեն ինչի կուրատորն էր եւ ինքն, ավելի շուտ կանխազգալով, հարմար պահի հեռացավ։ Բայց իր մարդիկ դեռեւս կան, կան եւ իշխանության եւ համոզված եմ, որ կլինեն նաեւ ընդդիմության մեջ»,- ասում է Արամ Հարությունյանը։

   Ի դեպ, դեռեւս  2018 թ-ից Արամ Հարությունյանը հանդես է եկել ըննդիմադիրների շարքում եւ հիմա էլ մասնակցում է ընդդիմության հանրահավաքներին եւ երթերին։