Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցեց ԱՏՁՄ 21-րդ համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 11-ին մասնակցեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 21-րդ համաժողովին:

Համաժողովի պաշտոնական մեկնարկը տրվեց ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանի բացման ելույթով: Նա անդրադարձավ Միության կողմից իրականացվող ծրագրերին, բուհերի, պետական կառույցների հետ արդյունավետ համագործակցությանը, ընդգծեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագրի կարևոր դերը՝ Հայաստանում տեխնիկական կրթության ու մասնագետների պատրաստման գործում:  

Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Նախարարն ընդգծեց ԱՏՁՄ գործունեության կարևորությունը, որն ընդհանուր գաղափարի ու նպատակների շուրջ է համախմբում ոլորտի խոշոր կազմակերպություններին՝ նպաստելով առաջատար տեխնոլոգիաների զարգացմանը մեր երկրում։

«ԱՏՁՄ–ն որոշիչ քայլեր է կատարում ոլորտի նպատակային զարգացման ու առաջընթացի ուղղությամբ։ Այս առումով ԱՏՁՄ-ի առաքելությունն ու դերն առանձնահատուկ է. Հայաստանում գործող տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական ընկերությունները, միջազգային կորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները համախմբված են մեկ հարթակի շուրջ, ինչը հնարավորություն է տալիս՝ միավորելով ուժերը, ավելի համակարգված և թիրախավորված աշխատել», - նշեց Ռոբերտ Խաչատրյանը։  

Հաջորդիվ, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Միության ռազմավարական զեկույցը: Նա ընդգծեց, որ կազմավորվելով 20 տարի առաջ, այսօր Միությունը դարձել է ոլորտն առաջ մղող շարժիչ ուժ, որը համընդհանուր խնդիրների շուրջ է համախմբում ոլորտային ընկերություններին: 

Համաժողովի ավարտին ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ղեկավարների քվեարկությամբ ընտրվեց Միության վարչության նոր կազմը:


Համաժողովին մասնակցեցին ինչպես ԱՏՁՄ անդամները, այնպես էլ ոլորտի այլ առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:

Նշենք, որ ԱՏՁՄ-ն միավորում է շուրջ 120 առաջատար  տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ: ԱՏՁՄ–ն 2012 թվականից ի վեր իրականացնում է տեխնոլոգիական կրթության  խոշորագույն «Արմաթ» ազգային ծրագիրը: