Բացել լրահոսը Փակել լրահոսը
279773375_677120393514921_5211226009259437190_n
A A
Հասարակություն

Թշնամին ընդամենը 4 կմ հեռավորության վրա է, բայց հոգ չէ․ Նորաշենի բնակչուհին կոչ է անում չլքել հողը

 81-ամյա Ազգուշ Փայտյանը, ով 1964 թվից Տավուշի մարզի սահմանապահ Նորաշեն գյուղում է ապրում, «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է, որ 44-օրյա պատերազմից հետո գյուղը լքողները քիչ չեն եղել։

«Թշնամին ընդամենը չորս կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, և գրեթե ամեն օր կրակոցների ձայներ են լսվում։ Բայց հոգ չէ»,- ասում է Ազգուշ տատիկը ու ավելացնում․ «Արդեն սովորական է դարձել ու մեզ ոչինչ չպիտի ու չի խանգարել գյուղում ապրել, երեխաներ ունենալ, հող մշակել, շենացնել համայնքը»։

Ազգուշ տատն ասում է՝ «բախտս բերել է՝ լավ ընտանիք եմ հարս եկել, չորս երեխա եմ մեծացրել։ Գործավարուհի եմ աշխատել, մեկ-մեկ էլ բժշկություն եմ արել» և կարևորում է, որ մարդիկ համայնքը չլքեն։

«Ուզում եմ մեր գյուղում ընտանիքները շատանան, Էս բնությունը վայելեն։ Օրինակ՝ ես երկու թոռնիկ ունեմ։ Մեկը Երևանում է ապրում, մյուսը՝ ինձ հետ։ Երևանի թոռանս որ գրկում եմ, ոնց որ մինչև վերջ սեղմվի, իսկ ինձ հետ ապրող թոռանս որ գրկում եմ՝ առողջ, ամրակազմ, կոփված։ Շուրջբոլորս բնություն է ու կյանք։ Սաղ «պատերազմ» են ասում, փախչում, իրենց հող ու ջուրը լքում են»,- վրդովվում է տատիկը և որպես լավագույն օրինակ բերում է իր թոռնիկին, ով երևանյան բարեկեցիկ կյանքը թողել՝ եկել է սահմանամերձ Նորաշենը շենացնելու՝ իր երիտասարդ ընտանիքի և երկամյա որդու հետ։

«Նորաշենում իմ օջախը լիքն է ու ոչ մի բան էլ առնովի չի։ Սաղ բնությունից, հողուջրից, արդար քրտինքով ստեղծած ապրուստ է։ Մի բանը, որ պիտի առնես, դրա մեջ բարաքյաթ չկա»,- ասում է տատը և Աստծուն փառք տալիս, որ լավ ընտանիք ունի, որ կարողացել է ապրել ու արարել և իր փորձը փոխանցել իր զավակներին։

Ազգուշ տատն ասում է՝ երբ թշնամին կրակում է, ապաստարաններ են մտնում․ դա իրեն չի էլ անհանգստացնում՝ տենց էլ կլինի։ Հորդորը մեկն է՝ մնալ, ապրել, արարելու ու շատանալ․ սա է հաղթելու բանաձևը։