Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Արա Նախշքարյանի գործով
Աջակցիր «Ա1+»-ինԳլխավոր դատախազությունը համաձայն չէ ՀՅԴ անդամ, «Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի տնօրեն, արցախյան պատերազմների մասնակից, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի տնային կալանքը փոխելու դատարանի որոշման հետ։
Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Արա Նախշքարյանը երկամսյա տնային կալանքի ենթարկել ընտրակաշառք տալ-ստանալու գործով։ Քրեական վարույթը նախաձեռնվել էր հեռախոսազրույցի գաղտնալսմամբ։
Օգոստոսի 27-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը փոխել էր խափանման միջոցը՝ կիրառելով բացակայելու արգելք եւ վարչական հսկողություն։
Վարչական հսկողության կիրառման ժամանակահատվածում մեղադրյալ Արա Նախշքարյանը պարտավոր է շաբաթը մեկ անգամ գրանցվել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում, արգելվում է առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը, ինչպես նաեւ՝ հաղորդակցվել այս քրեական վարույթով մեղադրյալների եւ օժանդակող անձանց հետ։
Գլխավոր դատախազության բողոքը մակագրվել է Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։