Բավարար գնահատական
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը մեր բռնցքամարտիկների ելույթները 2010 թվականին համարում է բավարար:
«Այս տարվա ամենագլխավոր մրցաշարում, Եվրոպայի առաջնությունում, մենք նվաճեցինք երեք մեդալ` 1 ոսկե, 2` բրոնզե: Դրանց թիվն ավելի շատ կլիներ, եթե կողմնակալ մրցավարության զոհ չդառնային Ազատ Հովհաննիսյանն ու Անդրանիկ Հակոբյանը» - «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Մեր հավաքականի գլխավոր մարզիչը բոլորից շատ գոհ է Հրաչիկ Ջավախյանի ելույթից: «Նա ոչ միայն նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, այլեւ մեծ առավելությամբ հաղթեց իր բոլոր մրցակիցներին: Վատ հանդես չեկավ նաեւ Արթուր Խաչատրյանը, ով առաջին անգամ մասնակցեց Եվրոպային եւ միանգամից դարձավ բրոնզե մեդալակիր: Նա երեք հաղթանակ տարավ եւ միայն կիսաեզրափակիչում զիջեց աշխարհի գործող չեմպիոնին»:
Ըստ փորձառու մասնագետի իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան Հովհաննես Դանիելյանը եւ Ցոլակ Անանիկյանը: «Առաջինը հիվանդության եւ անհարկի բացակայությունների պատճառով չկարողացավ ցույց տալ իր բոլոր կարողությունները: Ցոլակ Անանիկյանը, ավաղ, ավտովթարից հետո չկարողացավ հոգեբանորեն լրիվ վերականգնվել»:
Ռաֆայել Մեհրաբյանին ամբողջովին հիասթափեցրել է Եվրոպայի 2008 թ չեմպիոն Էդիկ Համբարձումյանի պահվածքը: «Նա առանց հիմնավոր պատճառների չի ներկայացել հավաքականի ուսումնամարզական հավաքներին, այդ իսկ պատճառով դուրս է մնացել թիմից: Սակայն հույս ունենք, որ Էդիկը կվերանայի իր որոշումը եւ կրկին կվերադառնա հավաքական»: