Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 5-ը մայիսի․ Հրադադարի հիմք դարձած Բիշքեկի արձղանագրությունից մինչեւ Արթուր Բադասարյանին տրվող փոխհատուցում (տեսանյութ)

1992 թվականի մայիսի 5-ին Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեց Արցախի խնդրով միջնորդական առաքելության ստեղծման մասին եւ բանակցային գործընթացն իր հովանու տակ առնելու պատրաստակամություն հայտնեց։

1994-ի այս օրը Ղրղզստանի մայրաքաղաքում ստորագրվեց Արցախի խնդրում հրադադարի կնքման համար հիմք հանդիսացած Բիշքեկի արձանագրությունը։ Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ խորհրդարանների ղեկավարների պատվիրակությունների եռակողմ բանակցային հանդիպման նախաձեռնողները ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, Ղրղզստանի խորհրդարանն ու Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էին։ Մայիսի 5-ին արձանագրությունը ստորագրեցին Հայաստանն ու Արցախը, իսկ Ադրբեջանը դրան միացավ երեք օր անց։

1997-ի այս օրը Սարդարապատի տարածքում ավարտվեցին 15 հեկտար տարածքի վրա բարդու անտառի տնկման աշխատանքները։ Տնկիները նվիրաբերել էր ԱՄՆ հայ գիտնականների եւ ինժեներների միությունը։

2001-ի այս օրն անցկացված Ազգային համաձայնության ճակատի հավաքի հիմնական կարգախոսը գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջն էր։ Այս հավաքին, ի դեպ, մասնակցում էին մեկ տարի առաջ պաշտոնանկված վարչապետ Արամ Սարգսյանն ու պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Երեւանի քաղաքապետը 2001-ի այս օրը դպրոցների տնօրեններին հանդիպման էր հրավիրել քննարկելու դրամահավաքի եւ այլ բացասական երեւույթների վերաբերյալ ծնողներից ստացած ահազանգերը։ Տնօրեններն արդարանում էին, թե հենց ծնողկոմիտեներն են դրամահավաք կազմակերպողները։

Նույն այս օրը Արշակ Սադոյանը հետաքրքրվում էր, թե ինչո՞ւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չի ընդունել բաշխիչ էլէկտրացանցերի վաճառքի դեմ հանրահավաքին մասնակցելու հրավերը։ 2008-ի մայիսի 5-ին Արթուր Բաղդասարյանը նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար՝ այդ կերպ ստանալով իրեն մեկնած ձեռքը արժանապատվորեն սեղմելու համար խոստացված փոխհատուցումը։

«Սարդարապատ» շարժումը 2010-ի այս օրը ԼՂՀ մշտական ներկայացուցչությանը փոխանցեց «Սթափության կոչ» վերնագրված փաստաթուղթը։ Գրիզելդա Ղազարյանը դժգոհում էր, թե ինչ վերաբերմունք է ցույց տվել փաստաթուղթն ընդունելիս Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչը։

2011-ի այս օրն էլ բողոքի ակցիա էին իրականացնում Նալբանդյան 106 շենքի բնակիչները։ Նրանց անհանգստացնում էր իրենց բակում նորակառույց շինարարությունը։ Տարածքում հատվել էին ծառեր, շենքի բնակիչներին սպառնում էր արեւի լույսից եւ բակում երեխաների խաղալու տեղից զրկվելու հեռանկարը։