Հանձնաժողովը համաձայնություն տվեց Սևանա լճից մինչև 170 միլիոն խմ ջրառի չափաքանակին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում քննարկվեց ՀՀ կառավարության «Ոռոգման նպատակով 2022 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման նախագիծը: Այն հանձնաժողովի կարծիքին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն: Հանձնաժողովը համաձայնություն տվեց Սևանա լճից մինչև 170 միլիոն խմ ջրառի չափաքանակին:
Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ, հաշվողական և իմացական ցանցերի բաժնի վարիչ Վլադիմիր Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, աշխարհագրական տեղեկատվական համակարգի մասնագետ Ալեքսանդր Առաքելյանը, ինժեներ-հիդրոլոգ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Թարվերդյանը, հիդրոլոգ Օֆելյա Գրիգորյանը, ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ Վլադիմիր Նարիմանյանը:
Ըստ ՀՀ կառավարության «Ոռոգման նպատակով 2022 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման նախագծի՝ Սևանա լճից 170 միլիոն խմ ջրառի չափաքանակը համապատասխանում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված առավելագույն չափաքանակին:
Վլադիմիր Նարիմանյանը նշեց, որ ընթացիկ տարվա ոռոգման համակարգերի ժամանակացույցում ամրագրվել է ոռոգման ջրի պահանջարկի հավելագրում անցյալ տարիների համեմատությամբ և գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմաների գերազանցում:
Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում քննարկվեցին «Արփա-Սևան» թիվ 2 թունելի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունների արդյունքները: Հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Թարվերդյանը նշեց, որ ուսումնասիրության ընթացքում «Արփա-Սևան» ԲԲԸ կողմից հայտնաբերված է թունելի 29 վթարված հատված:
Հանձնաժողովի նիստի օրակարգում էին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի բազալտների հանքավայրի երեք տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերը և «Sabroll Pty Ltd» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Ն-բակտեր» ՍՊԸ-ի կողմից արտադրված կենսաբանական ծագման ազոտական պարարտանյութի արտադրության ծրագիրը, որոնց վերաբերյալ հանձնաժողովը կներկայացնի կարծիք:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին