Նորաշենում իր հյուրընկալ դռները բացեց «Զովակ» գաստրոբակը
Աջակցիր «Ա1+»-ինԳարիկ Փայտյանը կնոջ ՝ Էսթեր Զաքարյանի և երկու ամյա որդու հետ, տևական ժամանակ, թողել է մայրաքաղաքի հարմարավետ կյանքը և վերադարձել ծննդավայր, սահմանամերձ Նորաշեն՝ մշտական բնակության։ Գալով Նորաշեն, Գարիկը պապական տունը դարձրել է հյուրատուն՝ նպաստելով և զբոսաշրջության զարգացմանը սահմանամերձ համայնքում, նաև իր օրինակով մոտիվացրել է ուրիշներին էլ։
Ինչպես ինքն է կեսկատակ- կեսլուրջ ասում՝ սահմանամերձ համայնքի մասին պետք չէ հիշել միայն այն դեպքում, երբ հակառակորդը կրակում է։
«Երբ 2019-ին հյուրատունը սկսեց գործել հասկացանք, որ խոհանոցի անհրաժեշտություն կա։ Բայց հետո սկսվեց քովիդը, ապա պատերազմը։ Միայն 2021-ին սկսեցինք շինարարական աշխատանքները, որ կյանքի կոչվի նաև գաստրոբակը»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է Գարիկ Փայտյանը, հիշելով, որ մինչ այս, հյուրատունն ուներ «Աշխարհի ծայրը» անվանումը, բայց միայն հայերի համար էր հասկանալի։ Եվ, որպեսզի նաև արտերկրից Տավուշ եկողի համար ընկալելի լինի ուր է գալիս, նպատակահարմար են գտել գաստրոբակին ու բարեկարգվող հյուրատանը «Զովակ» անունը տալ։
Տավուշի մարզի սահմանամերձ Նորաշեն համայնքում այսօր տեղի ունեցավ «Զովակ» գաստրոբակի պաշտոնական բացման արարողությունը։ «Գաստրոբակում պատրաստում են տավուշյան ավանդական ուտեստներ, ապագայում կառուցելու են թոնրատուն և հոգալու են Նորաշեն ժամանած զբոսաշրջիկների զբաղվածության հարցը։
Գարիկ Փայտյանի խոսքով՝ այս կերպ նպաստելու են սահմանամերձ համայնքում մնալուն, չարտագաղթելուն։
Նշենք՝ «Զովակ գաստրոբակը» ֆինանսավորվել և իրականություն են դարձել Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռներեցության, էկոհամակարգի զարգացում սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Կանաչ արահետ» ՀԿ-ն։