Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հայաստանում գործող գիտելիքի նորարարական ՀԱԲ-երը միավորում են մարզերի հազարավոր երիտասարդների

Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Շիրակում և Տավուշում արդեն մեկ տարի է գործում է գիտելիքի նորարական ՀԱԲ-եր, որոնց նպատակը երիտասարդների համախմբումն է բնապահպանական և երիտասարդական տարբեր միջոցառումների շուրջ։

«Գիտելիքի նորարարական ՀԱԲ-ը կրթական-զարգացող բնույթի հարթակ է, որի գոյությունը միտված է խթանելու երիտասարդների հմտությունների զարգացումը և զբաղվածությունը»,- ասաց Տավուշի մարզի՝ գիտելիքի նորարարական ՀԱԲ-ի համակարգող Նառա Մնացականյանը։

ՀԱԲ-երը ևս ֆինանսավորվել և իրականություն են դարձել Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Կանաչ արահետ» ՀԿ-ն։

«Նման ՀԱԲ-եր գործում են նաև հարևան Վրաստանում, և ստեղծված է անդրսահմանային երիտասարդական հարթակ, որի շրջանակներում երկու երկրների երիտասարդները տարաբնույթ միջոցառումներ են պլանավորում և իրականացնում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Կանաչ արահետ» ՀԿ երիտասարդական ծրագրերի համակարգող Լուսինե Վերդյանը։

Տավուշի՝ գիտելիքի նորարարական ՀԱԲ-ի համակարգող Նառա Մնացականյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ կենտրոնն այս կարճ ժամանակամիջոցում հասցրել է գրավել երիտասարդների և հանրության ուշադրությումը։

«Տավուշի գիտելիքի նորարարական ՀԱԲ-ն ունի շուրջ 4000 շահառու և շուրջ 20 ակտիվ կամավորներ, որոնք աշխատում են հաստատության կայացման ուղղությամբ»,- ասաց Նառա Մնացականյանը՝ հավելելով, որ Տավուշի գիտելիքի նորարարական ՀԱԲ-ը կապի մեջ է մյուս մարզերի ՀԱԲ-երի հետ և մի շարք ծրագրեր է իրականացնելու՝ խթանելով և ակնկալելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը։