Բացել լրահոսը Փակել լրահոսը
01_AECP
A A
Հասարակություն

Հայ-ֆրանսիական համագործակցության նոր ծրագիր ակնաբուժության ոլորտում

Այսօր Երեւանում տեղի ունեցավ հայ-ֆրանսիական ակնաբուժական համաժողով, որի ժամանակ ներկայացվեց կատարակտի եւ ցանցաթաղանթի հիվանդությունների ոլորտում միջազգային արդի փորձը, հայաստանյան իրավիճակը, ինչպես նաեւ Ակնաբուժական հմտությունների կատարելագործման հայ-ֆրանսիական դպրոցի աշխատանքը:

Դպրոցի ծրագիրը մեկնարկեց այս շաբաթ՝ Գյումրիում, հայ եւ ֆրանսիացի ակնաբույժների դասախոսությունների շարքով: Ֆրանսիայից ժամանած ակնաբույժներ Մերիլին Նոդարեանը եւ Սեբաստիան Բրունոն հայ գործընկերների հետ քննարկեցին ակնաբուժական առավել բարդ դեպքեր եւ կատարեցին վիրահատություններ: Ծրագրի շրջանակներում Հայկական ակնաբուժության նախագծի Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնում ցանցաթաղանթի վիրահատությունների սկիզբ դրվեց: Այդպիսով Գյումրին դարձավ Երեւանից հետո երկրորդ քաղաքը, որտեղ նման վիրահատություններ կկատարվեն: 

Դպրոցի շնորհիվ երիտասարդ ակնաբույժները եզակի հնարավորություն կստանան իրենց գիտելիքները եւ հմտությունները զարգացնելու նաեւ Ֆրանսիայում: Մինչեւ այս տարեվերջ նրանք կմասնակցեն Հայաստանի եւ Ֆրանսիայի ակնաբուժական առաջատար կենտրոնների ակնաբույժների դասընթացներին Հայաստանում, իսկ տարեվերջին արդեն լավագույն երիտասարդ ակնաբույժները Ֆրանսիայում 1 տարի տեւողությամբ անվճար վերապատրաստման հնարավորություն կստանան: 

Այս ծրագիրն իրականացվում է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի, «Լումիեր ֆրանսեզ» ասոցիացիայի եւ Փարիզի համալսարանական-հիվանդանոցային համալիրի՝ AP-HP-ի համագործակցությամբ:

«Հայ-ֆրանսիական համագործակցությունը հնարավորություն է տալու առավել զարգացնել ակնաբուժությունը՝ հատկապես մարզերում, եւ տեղերում ապահովել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը: Ուրախ եմ նաեւ նշել, որ այն փորձի փոխանակման նոր հնարավորություններ կտա՝ դառնալով կրթական մի նոր հարթակ», - ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը:

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համար առողջապահությունը համագործակցության կարեւոր ոլորտներից մեկն է, եւ մենք աջակցում ենք առողջապահական տարբեր նախագծերի իրականացմանը: Ուրախ ենք տեսնել, որ այս ծրագիրը կենտրոնացած է մայրաքաղաքից դուրս՝ Գյումրիում, եւ կօգնի մարզային բնակչությանը», - ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն:

«Ես հիացած եմ Հայկական ակնաբուժության նախագծի հետ մեր համագործակցությամբ: Կազմակերպության 30 տարվա հանձնառությունը Հայաստանում եւ կատարված աշխատանքների որակը մեզ համար արդյունավետ գործունեության գրավականն են։ Հայ ակնաբույժների կատարելագործումը Հայաստանում AP-HP-ի մասնագետների հետ ակադեմիական, բայց նաև կլինիկական դեպքերի և լաբորատոր ուսուցման վերաբերյալ փոխանակման շնորհիվ այս շաբաթ շատ օգտակար անցավ, եւ այս առաջին հաջողությունն ինձ շատ խոստումնալից է թվում», - ասաց Որպես AP-HP-ի միջազգային կապերի տնօրեն Ֆլորանս Վեբերը:

«Հայկական ակնաբուժության նախագիծն արդեն 30 տարի Հայաստանում իրականացնում է զարգացման տարատեսակ ծրագրեր: Հաշվի առնելով համագործակցող կողմերի նվիրվածությունը եւ ներուժը՝ լիահույս եմ, որ այս դպոցը ակնաբուժության ոլորտի հերթական հաջողված ծրագիրը կդառնա», - ասաց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Պատերազմի արհավիրքը առաջացրեց տարբեր կարիքների ակնհայտություն: «Լումիեր ֆրանսեզ» ասոցիացիան իրականացրած բազմաթիվ առաքելությունների ընթացքում ձեւավորեց գործունեության հիմնական՝ բժշկական նպատակները, որոնցից մեկն էր ակնաբուժության կատարելագործման կենտրոնի ստեղծումը Գյումրիում: Մենք հպարտ ենք «Հայկական ակնաբուժության նախագծի» եւ AP-HP-ի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ միտքը գործ դարձնելու համար», ասաց «Լումիեր ֆրանսեզ» ասոցիացիայի նախագահ Լեւոն Խաչատրյանը: