Բացել լրահոսը Փակել լրահոսը
Grigor Minasyan
A A
Քաղաքականություն

ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպված համաժողովին մասնակցել են Ֆրանսիայի, Վրաստանի և ՌԴ ներկայացուցիչներ

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը բացման խոսքով է հանդես եկել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Օ դը Սենի փաստաբանական պալատների նախագահների մասնակցությամբ տեղի ունեցած «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր ՀՀ փաստաբանների պալատի կողմից:

Փոխնախարարը կարևորել է փաստաբանության՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ինստիտուտի դերը և նշել, որ փաստաբանության ոլորտում իրականացվող շարունակական բարեփոխումները Կառավարության մշտական առաջնահերթություններից են: Այս մասին է վկայում Կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, որի համաձայն՝ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու փաստաբանության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ փաստաբանական դպրոցում ուսուցման և ընդունելության կառուցակարգերի վերաիմաստավորման, Փաստաբանների պալատի կառավարման արդյունավետության և ներառականության վերափոխման շրջանակներում:

Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ փաստաբանության ոլորտի բարեփոխումների կարևորման ցուցիչ է նաև դրանք՝ որպես առանձին ռազմավարական նպատակ Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության մեջ առանձնացնելու հանգամանքը:

Փոխնախարարը, միաժամանակ, կարևորել է Փաստաբանների պալատի ապաքաղաքական և քաղաքական բոլոր գործընթացներից անմասն լինելու գաղափարը:

Ամփոփելով ելույթը՝ Մինասյանն ընդգծել է, որ Կառավարությունն՝ ի դեմս ոլորտը համակարգող Արդարադատության  նախարարության, և Փաստաբանների պալատը համատեղ մշակել են փաստաբանության ոլորտի բարեփոխումներին միտված նախագիծ, որը բխում է ռազմավարությամբ ամրագրված նպատակներից, այդ թվում՝ անհատույց իրավաբանական օգնության (pro bono) տրամադրման կառուցակարգերի զարգացման, պալատի խորհրդի դերի ընդլայնման և կարգապահական հանձնաժողովի ստեղծման գաղափարներից: