Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թաթոյան (3)
A A
Հասարակություն

Ազատությունից զրկելու ժամանակը հաշվարկվում է ոչ թե Ոստիկանության բաժին տեղափոխելու, այլ փողոցում արգելանքի վերցնելու պահից․ Թաթոյան

ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է մի քանի իրավական պարզաբանում ի պատասխան քաղաքացիների ինձ ուղղված հարցումների`
 
Հավաքի կամ այլ վայրից բերման ենթարկվածն անկախ նրանից՝ ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է ազատությունից զրկվածի համար իրավունքներից:
 
Մարդն ազատությունից զրկված է համարվում այն պահից, երբ ստիպված է լինում հետևել ոստիկանի կամքին կամ չի կարողանում սեփական կամքով ազատ տեղաշարժվել` փողոցից սկսած:
 
Այդ պահից սկսած մարդն ունի առնվազն հետևյալ իրավունքները.
- բերման ենթարկելու վայրում (այդ թվում՝ փողոցում) ազատությունից զրկելու պատճառների մասին հասկանալի լեզվով անհապաղ պատշաճ տեղեկացվելը,
- լռելը,
- իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին,
- փաստաբանի իրավունքը,
- բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից,
- իրավունքների մասին ծանուցվելը:
 
Ազատությունից զրկելու ժամանակը հաշվարկվում է ոչ թե Ոստիկանության բաժին տեղափոխելու, այլ փողոցում արգելանքի վերցնելու պահից: Այդ ժամանակն ավարտվելուց անմիջապես հետո մարդը պետք է ազատ արձակվի:
 
Ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով:Ընդ որում, պետք է լինի այնպես, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին:
 
Սա ազատությունից հնարավոր անօրինական զրկելը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է:
 
Հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգի և մասնակիցների անվտանգությունն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել չեն կարող:
 
Բացառիկ թույլատրելի դեպքերը պետք է լինեն կոնկրետ հիմնավորումներով և ոստիկաններին անհատականացնելու հնարավորությամբ՝ պարտադիր:
Հանրային վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանները որևէ պարագայում չպետք է հավաքների կամ այլ ակցիաների կազմակերպիչների կամ մասնակիցների հետ մտնեն «տղայական» խոսակցությունների կամ «ռազբորկաների» մեջ: Պետք է գործեն իրենց իրավական կարգավիճակի սահմաններում` բացառապես:
 
Եթե քաղաքացիները տեսնում են, որ այլ անձինք փորձում են սադրել բռնություն կամ արդեն տեղի ունեցող բռնության դեպքում պետք է անհապաղ տեղեկացնել Ոստիկանությանը` իրավական ընթացակարգով դա կանխելու կամ այդ անձանց մեկուսացնելու համար:
 
Եվս մեկ կարևոր պարզաբանում՝ ոստիկանի ավտոմեքենան նույնպես ազատությունից զրկելու վայր է, հետևաբար՝ բոլոր կանոնները տարածվում են նաև ոստիկանի մեքենայի նկատմամբ:
 
Այս բոլոր կանոնները կիրառելի են նաև ցանկացած իրավապահ մարմնի ծառայողի նկատմամբ:
 
Կան, իհարկե, բազմաթիվ այլ կանոններ, բայց սրանք միշտ առավել արդիականն են: