Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Հանդիպել ենք Հնդկաստանում գործող շատ մեծ կորպորացիայի հետ․կնքվել է հուշագիր․Սոցապ նախարար (տեսանյութ)

«Աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև նմանատիպ երկխոսության առաջին փորձն էր, որ մենք ունեցանք»․

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Արմենպրեսի մամուլի սրահում ամփոփեց իր Հնդկաստան կատարած այցը։

Նախարարն ընդգծեց, որ Հնդկաստանի հանրապետությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար բազմաոլորտ համագործակցության համատեքստում։ Մկրտչյանը կարևորեց նաև համագործակցության հստակ շրջանակների սահմանումը։

Հանդիպումների արդյունքում ստեղծվել են աշխատանքային խմբեր։

«Մենք հանդիպում ենք ունեցել Հնդկաստանում գործող շատ մեծ մի կորպորացիայի հետ, որը զբաղված է մարդկանց հմտությունների զարգացման վերապատրաստումներով»,-ասաց նախարարը՝ նշելով, որ կառույցի անվանումը բառացի թարգմանվում է իբրև «Հմտացի՛ր Հնդկաստան»։

Կառույցը տարեկան վերապատրաստում է և ուղղորդում է ավելի քան 60 մլն մարդու։ Կառույցի հետ ստորագրվել է հուշագիր։ Առաջիկայում Հայաստանում ևս ստեղծվելու են նմանատիպ ինտիտուտներ։

«Ստորագրված այդ համաձայնագրի, հուշագրի շրջանակներում տեղի կունենա մեր մասնագետների փորձի փոխանակման, ինչպես նաև արդեն իսկ գործող մեթոդների Հայաստանում տեղայնացման և ինչու ոչ նաև այնտեղ ի հայտ եկած խնդիրների ուսումնասիրությունը հնարավորություն կտա ավելի ճիշտ ճանապարհով գնալ»,-ներկայացրեց սոցապ նախարարը։

Նա նշեց, որ նախարարության պլաններում արդեն իսկ կային նմանատիպ ծրագրեր։ Նախարարությունը լայնածավալ կարիքների գնահատում իրականացնելու  համար  այժմ սերտ համագործակցում է պաշտպանության նախարարության հետ։

«Պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող տղաներին իրենց զորացրումից մեկ-երկու ամիս առաջ բոլորի կարիքները գնահատենք, հասկանանք,  թե ինչ կրթություն ու ցանկություններ ունեն»։

Զորացրումից հետո, նախարարի խոսքով,  միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններից նրանց հետ կապ կհաստատեն և կփորձեն ուղղորդել երիտասարդներին դեպի տարբեր զբաղվածության ծրագրեր։