Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Պատերազմի մասնակիցների՝ կենցաղում շարունակվող պատերազմը․ Ամբերդի հոգևորականի և նախկին հրետանավոր սպայի պատմությունը

Գևորգ Կարապետյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, այնուհետև զինվորական ծառայության անցել։ Գևորգը վիրավորվել է ավիառումբի հարվածից, ինչի հետևանքով ստացել է բեկորային վնասվածք ողնաշարի հատվածում։

Վիրավորվել եմ հոկտեմբերի 25-ին, արդեն շտապ օգնության մեքենայով տեղափոխվել եմ Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղից էլ Էրեբունի բժշկական կենտրոն, իրանիս կեսը չէի զգում ու արդեն պատկերացնում էի՝ ինչ է կատարվել, ուղղակի չես կարող չմտածել։

Պատերազմից առաջ ես չէի պատկերացնում, որ մեքենան չի կարելի կայանել թեքահարթակի դիմաց, որովհետև մինչ այդ ես հաշմանդամություն ունեցող անձանց չեմ հանդիպել։

44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության խումբ է սահմանվել 1494 քաղաքացու։ Պատերազմի հետևանքով վերին և ստորին վերջույթների տարբեր մակարդակներում անդամահատվել է 137 անձ։ 


Հիմա, եթե մենակ դուրս գաս, անհնար է առանց որևէ մեկի օգնության քաղաքում տեղաշարժվել, կան մի քանի տեղեր, բայց դրանց շրջանակը շատ նեղ է։

Ես որոշեցի մեքենա գնել, ձևափոխել և ինքս վարել, որովհետև տաքսու վարորդներ կային, որոնց բեռնախցիկում սայլակը չէր տեղավորվում, քանի որ գազի բալոն (անոթ՝ հեղուկ գազի համար) կար տեղադրված, իսկ ներսում տեղադրելը խնդիր էր, որովհետև կեղտոտվում էր։ Տասը վարորդներից ութի պատասխանն էր՝ կներես, եղբայր, բայց ես չեմ կարող սայլակը դնել մեքենայիս մեջ։

Գիտեք, սա այն դեպքը չէ, որ կարող ես հարմարվել, ես կյանքում չեմ հարմարվի այս փաստի հետ, որովհետև գիտությունը զարգանում է, բայց մենք մարդիկս այնպիսին ենք, որ  ամեն ինչի հետ ենք փորձում զուգահեռ ապրել՝ տանելով նաև ցավը։ 

 

 

Մատչելիության հետ կապված հիմնական տարրերը՝ թեքահարթակները, վերելակները և մյուս «շքեղությունները» կենտրոնացած են հիմնականում մայրաքաղաքում՝ նշում է «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը։

«Սայլակ օգտագործող մարդու համար, իհարկե, ամենամեծ խնդիրը մատչելիությունն է, բայց մարդը պետք է անելիք ունենա, որ փողոց դուրս գա, օրինակ, հասնել ինչ-որ վայր, հանդիպման գնալ, մտնել խանութ, դրա համար այդ վայրերը պետք է մատչելի լինեն։ Իսկ քաղաքի անգամ հանրային վայրերը մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար»,— ասում է Արմեն Ալավերդյանը։

Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցու դպիր Խաչիկ Վարդանյանը սեպտեմբերի 29-ին (պատերազմի 2-րդ օրը) Երևանի սուրբ Աննա եղեկեցուց մեկնել է Արցախ՝ որպես հոգևոր առաջնորդության կամավորական։

Եկեղեցի սկսել եմ գնալ 12 տարեկանից, սկզբում ընտանիքս դեմ էր։ Միշտ ասել եմ՝ ոչ թե ես եմ գնացել եկեղեցի, այլ ինչ-որ բան ինձ ձգել է, և այն այնքան ուժեղ է եղել, որ ես հակադրվել եմ իմ ընտանիքին և շրջապատին, որովհետև 12 տարեկան երեխան չի կարող լուրջ գաղափարներ ունենալ ու դրանց հետևից գնալ։ Իրականում լուրջ հոգեբանական ճնշումներ են եղել․ մարդիկ չեն հանդուրժում մեկին, որն իրենցից տարբեր է։ 

Պատերազմի ժամանակ գնդերեցների հիմնական պարտականությունը մոբի (մոբիլիզացիոն ռեսուրս) հետ աշխատանքն է, հոգեբանական աջակցություն ցուցաբերելը, բայց նրանք ավելին են արել։ Հոգևորականները պատերազմի ամենաթեժ կետերից մարդկանց են տեղափոխել, այսինքն վիրավորները, որոնց կյանքը փրկվել է՝ այդ սարկավագների շնորհիվ է եղել։

Խաչիկ դպիր Վարդանյանը պատերազմի հետևանքով կորցրել է աչքը, լսողության հետ կապված խնդիրներ ձեռք բերել, վնասել մի շարք ներքին օրգաններ։

Աչքս վնասվել է ականանետի հարվածից։ Երկու ականանետի հարված է եղել, հա՛, այդքան պնդերես եմ (հեղ․ — ծիծաղում է)։ Աչքս հիմնականում առաջին ականանետի հարվածից վնասվեց, երբ պառկած էի ներքևում բուժօգնություն ստանալու համար՝ կողքիս մյուս ականանետը պայթեց։

Առաջ ասում էի, որ մարդ քիչ մեղք գործի, պետք է ոչինչ չտեսնի։ Ես հիմա եմ հասկանում, թե ինչ սարսափելի է կույր լինելը, աշխարհը չտեսնելը, դու կատարյալ հաշմանդամ ես դառնում։ 

Երբ չես բախվում այդ խնդիրներին, դրանք այնքան հեռու են թվում, օրինակ, հիմա որ նայում եմ պրոթեզին, մտածում եմ՝ միակ օրգանը, որ չի փոխարինվում՝ աչքն է։ Ձեռքի, ոտքի պրոթեզները, իհարկե, լիարժեք չէ, բայց այդ ֆունկցիաներն անում են, աչքի պրոթեզը միակն է, որ ֆունկցիոնալ առումով չի կիրառվում, զուտ էսթետիկ տեսքն է ապահովում։

 

Պատերազմի հետևանքով տեսողական խնդիրներով հաշմանդամություն է ձեռք բերել 106 անձ, որոնցից 11-ն ամբողջությամբ կորցրել է տեսողությունը, 95-ը ձեռք է բերել տարբեր բնույթի տեսողական խնդիրներ։ 

Երբեմն ընկերս կողքիս է նստում, փակում է մի աչքը, փորձում է հասկանալ ինձ, ասում եմ՝ չես հասկանա, որովհետև, երբ երկու աչքերդ կան, ուղեղդ գիտակցում է։ Մի քանի րոպե աչքը փակելն ուրիշ է, բայց տարիներով այդպես ապրելն այլ խնդիր է։

Ես հատկապես հեռավորությունը չեմ զգում։ Եղել է, որ դիպել եմ այլ մարդկանց, իսկ երբ ակնոցով ես, չեն տեսնում, որ խնդիր ունես, այլ կերպ են նայում։ Ինձ թվում է՝ պատերազմի ժամանակ տեսողական խնդիրներ ձեռք բերած զինվորները նաև լսողության հետ կապված խնդիրներ ունեն, հատկապես եթե արկը մոտ է պայթել, իսկ դա հավելյալ խնդիրներ է ստեղծում։

Ես շատ եմ աչքիս հետ կապված հումորներ անում, բայց իրականում, որ շատ մարդիկ են լինում, նեղվում եմ, որովհետև գիտեմ մեկն ինչ-որ իր է տալիս, չեմ նկատում, մյուսը խոսում է, չեմ լսում, դու արդեն խոսակցության մաս չես կազմում, խոսակցությանը կիսով չափ ես կարողանում մասնակցել, ըմբռնել։

Ամենաշատը տխրում եմ, որ առաջվա պես արշավների չեմ կարողանում գնալ։ Ես, օրինակ, չեմ զգում՝ որն է բարձր, որը ցածր, իսկ ձյան վրա ընդհանրապես չեմ տարբերում, որովհետև երբ քար ու թուփ կա, դու կարողանում ես ինչ-որ ձևով տարբերել, բայց ձյան վրա ամեն ինչ միատոն է դառնում, չգիտես՝ բարձրը, ցածրը, թեքը, ուղիղը։

Ես միշտ հավատացել եմ, որ կյանքում պատահականություններ չկան, ուրեմն այդպես էր սահմանված, միգուցե փորձություն էր, միգուցե գնահատական, միգուցե պատասխան։ Ինձ ասում են՝ դու այնքան լավություն ես արել, որ Աստված քեզ խնայել է, ես մտածում եմ, որ կրոնական տեսանկյունից նրանք են փրկված, ովքեր չկան, ապրողները դեռ մաքրվելու տեղ ունեն։



Պատերազմից հետո առաջին խմբի հաշմանդամություն է սահմանվել 113, երկրորդ խմբի՝ 397 և երրորդ խմբի 918 քաղաքացու մոտ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Վերափորձաքննության բաժնի կողմից իրականացվել է հաշմանդամություն ձեռք բերած 346 անձի բողոքարկման կարգով վերափորձաքննություն, որից փոխվել է ընդամենը 18 որոշում։

Ինձ հաշմանդամության երրորդ կարգ են տվել, բայց ով լսում է, ասում է՝ առնվազն երկրորդ պետք է տային։ Երբ հիվանդանոցից դուրս եկա, դիմեցի կարգի վերանայման համար, հետո երբ պայմանները կարդացի․․․

Հիմա ինձ ասում են՝ եթե ձեռքդ տեղում լինի, բայց չաշխատի, միևնույն է, երկրորդ կարգ չեն տա, որովհետև հաշմանդամության կարգ տալուց խնդիրներն իրար չեն գումարվում։ Օրենքն ասում է՝ եթե վերջույթներիցդ մեկը, օրինակ, ձեռքը կտրված է արմունկից ներքև ու ունես կուրություն, դա երրորդ կարգ է, եթե ձեռքդ կտրվել է ուսիցդ ու ունես կուրություն, դա արդեն երկրորդ կարգ է, եթե ոտքդ կտրվել է ծնկից ներքև ու ունես կուրություն, երրորդ կարգ է, այսինքն չես հասկանում՝ ի՞նչ կապ ունի ոտքդ ծնկիցդ ներքև է կտրվել, թե ծնկից վերև, ոտքդ չկա, այդքան մառազմի հասնող է։

«Լիարժեք կյանք» ՀԿ-ի անդամ Սիփան Ասատրյանի խոսքով՝ կարիքի գնահատումը ցավալի կողմերից է, որովհետև պետությունը դրա հետ կապված վերջերս է օրենքներ ընդունել։

«Անցյալ տարի օրենքի մեջ փոփոխություն է կատարվել, որ կարիքի գնահատումը պետք է փոխվի և հիմնվի մարդու ֆունկցիոնալության գնահատման վրա։ Հիմա ընդամենը տալիս են առաջին, երկրորդ կարգի հաշմանդամություն, բայց այդ կարգը ոչինչ չի ասում այն մասին, թե ինչ կարիքներ ունի մարդը, հիմա նախատեսվում է ֆունկցիոնալության գնահատում, այսինքն գնահատումը չի լինելու միայն բժշկական տեսանկյունից», — ասում է Սիփան Ասատրյանը։

Անդրադառնալով ուշ տարիքում տեսողությունը կորցրած անձանց խնդիրներին, Սիփան Ասատրյանը նշում է՝ առաջին դժվարությունը, որ գալիս է մտքին՝ սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումն է։

«Երբ երեխան ծնվում է տեսողական խնդրով կամ վաղ տարիքում է խնդիրներ ձեռք բերում, նա ավելի հեշտությամբ է հարմարվում, բայց երբ գիտակցական տարիքում է լինում, բնականաբար, նոր իրավիճակին հարմարվելը խնդրահարույց կարող է լինել։ Այս պարագայում կարևոր է օգնել, որ անձը նոր վիճակին հարմարվի և հասկանա, որ չտեսնելով հանդերձ, նա ևս կարող է գտնել նոր հմտություններ, հարմարվել իր նոր կյանքին»,- ասում է Սիփան Ասատրյանը։



Շուշան Ստեփանյան

 

Այս հոդվածը ստեղծվել է Հանրային լրագրության ակումբի համար «ԵՄ-ն հանուն խաղաղության» ծրագրի «խաղաղաշինության արդյունքների պահպանում, մեդիա տարածում և նյութերի վերլուծություն» բաղադրիչի շրջանակներում, որն իրականացվում է Միջազգային Ալերտի կողմից։