Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵՊՀ-1
A A
Տնտեսություն

«Մեղվի մայրակաթը՝ որպես ռադիոպաշտպանիչ և հակաօքսիդանտային պայքարի կենսաքիմիական նոր դեղամիջոց»

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Մեղվի մայրակաթը՝ որպես ռադիոպաշտպանիչ և հակաօքսիդանտային պայքարի կենսաքիմիական նոր դեղամիջոց» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի՝ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը:

Զրուցել ենք կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, ծրագրի ղեկավար, կ.գ.թ. Սեդա Մարությանի հետ։

 

«Մեղվի մայրակաթը լայն կիրառություն ունի հատկապես ժողովրդական բժշկության մեջ: Այն օգտագործում են որպես հակաբակտերիալ, հակասնկային, հակաբորբոքային, հակաօքսիդանտային միջոց, սակայն նրա՝ որպես ռադիոպաշտպանիչ միջոցի մասին տվյալները մասնագիտական գրականության մեջ խիստ սակավ են»։

 

Գիտական թեման նվիրված է իոնացնող ճառագայթահարման բացասական հետևանքներից էուկարիոտ օրգանիզմներին պաշտպանելու նոր, կենսածին մոտեցում մշակելուն:

 

Ս. Մարությանի խոսքով՝ «Մեղվի մայրակաթն աչքի է ընկնում սննդարար նյութերի մեծ քանակությամբ, ինչն ինքնին կարևոր է ճառագայթահարումից թուլացած օրգանիզմների դիմադրողականությունը բարձրացնելու համար: Մյուս կողմից, մեղվի մայրակաթը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտային միացություններ, որոնք, ինչպես հայտնի է, կանխում են օքսիդային սթրեսի զարգացումն օրգանիզմի բջիջներում ճառագայթումից հետո և պաշտպանիչ դեր ունեն օրգանիզմի համար»։

 

Ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ գիտական խմբի կատարողները բավականին երիտասարդ են. ընդգրկված են գիտությունների 2 թեկնածու, 1 երիտասարդ գիտաշխատող և 2 մագիստրոս:

 

Գիտական խմբում ընդգրկվածները ձեռնամուխ են եղել առաջին տարվա օրացուցային պլանի կատարմանը։

 

Ծրագրի ավարտին մեղվի մայրակաթի ռադիոպաշտպանիչ և հակաօքսիդանտային դերի մասին համոզիչ տվյալների ստացումը թույլ կտա առաջարկել մեղվի մայրակաթը՝ որպես հակաճառագայթային պայքարի նոր կենսածին, անվտանգ և հեռանկարային դեղամիջոց:

 

Արդեն իսկ ստացվել են առաջին հետաքրքիր տվյալները, որոնք հետագա հետազոտությունների համար նոր հեռանկարներ են ստեղծում։