Որևէ ահաբեկչական գործողության հավանականություն բացառված չէ, բայց դրանք չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ․ թուրքագետ
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքական բանակի ստորաբաժանումներն անցած գիշեր հատել են Իրաքի հետ սահմանը։ Պաշտոնական Անկարայի պնդմամբ, Իրաքի հյուսիսային շրջաններում իրականացվող գործողության թիրախը Քրդական բանվորական կուսակցության այստեղ գտնվող ահաբեկչական ճամբարներն են։
Ա1+ը այս թեմայի շուրջ զրուցել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ։
- Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ թուրքական զինված ուժերը նոր ռազմական գործողություն են սկսել Հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության զինյալների դեմ, որպեսզի փրկեն Թուրքիան ահաբեկչական սպառնալիքից։ Ինչո՞ւ հենց հիմա, արդյոք եղել էին ինչ-որ ահաբեկչական գործողություններ։
-Թուրքիայի գործողությունները պարբերական բնույթ են կրում։ Գործողությունները կան և գործողությունները բավականին ակտիվ են եղել նախորդ տարվա գարնանը։
Հիմա այն ուղեկցվում է նաև ցամաքային գործողությամբ, բայց դա էլ նորություն չէ։
Նախորդ տարի այս ժամանակահատվածում թուրքական կողմը ցամաքային գործողություններ է իրականացրել ավիահարվածներին զուգահեռ։
-Այս ամենին որպես պատասխան, կարո՞ղ են ահաբեկչական գործողություններ սկսել Թուրքիայում։
Խնդիրը նրանում է, որ քրդական ուժերի ներկայությունը կամ ազդեցությունը թուրքական շրջաններում բավականին նվազել է։ Հատկապես 2015 թվականից այս կողմ Թուրքիան ակտիվ ռազմական գործողություններ է իրականացրել արևելյան շրջաններում ու դրանք շարունակական բնույթ են կրել։ Բնականաբար դա չի նշանակում, որ որևէ ահաբեկչական գործողություն բացառվում է, բայց դրանք չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ, որովհետև Թուրքիայի իշխանության վարած քաղաքականության հետևանքով երկրի ներսում քրդական ուժերի ներկայությունը ու ազդեցությունը բավականին նվազել է։
-Իսկ որքանո՞վ դա բացասական կազդի Թուրքիայի այն ցանկության դեմ, որ ցանկանում է մտնել Եվրոպական Միություն։
-Ոչ մի կերպ չի ազդի։ Նախ որովհետև Եվրոպական Միության հետ գործընթացը առանձնապես առաջ չի ընդանում։
Ճիշտ է վերջին դեպքերից հետո որոշակի քննարկումներ կան, բայց բանակցությունները չի կարելի ասել, որ վերսկսվել են։ Եվ ինչպես նշեցի, արդեն քանի տարի շարունակ Թուրքիան այդ գործողությունները իրականացնում է, թե՛ ավիահարվածների միջոցով, թե՛ ժամանակ առ ժամանակ ցամաքային գործողություններով։