Բացել լրահոսը Փակել լրահոսը
եկեղեցի
A A
Հասարակություն

Ս. Հարության հայրապետական պատարագ. Ուղիղ (տեսանյութ)

Ապրիլի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը:

Հրաշափառ այս տոնի կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:

Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ և բազում ուխտավորներ:

Մայր եկեղեցու գավթում ամպհովանու ներքո ամփոփված Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների առջև երկրպագություն կատարելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բաշխելով ներկա հավատացյալ ժողովրդին, եկեղեցականաց թափորով առաջնորդվեց դեպի Սուրբ Խորան: Վեհափառ Հայրապետին որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան ու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց հայրապետական իր պատգամը՝ փոխանցելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաբարբառ ավետիսը: