Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա սպասված մենահամերգով
Աջակցիր «Ա1+»-ինՏևական դադարից հետո աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա սպասված մենահամերգով։ Մայիսի 1-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա թավջութակահարի մենահամերգը։
«Հայ հանդիսատեսի հետ յուրաքանչյուր հանդիպում սպասված է և հույզերով լի։ Չնայած վերջին տարիներին որպես մենակատար ելույթ եմ ունեցել տարբեր նվագախմբերի հետ, սակայն տևական ժամանակ Հայաստանում մենահամերգ չեմ ունեցել։ Որոշեցինք տաղանդավոր դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի հետ ներկայանալ նոր ծրագրով, որը, վստահ ենք, դուր կգա երաժշտասեր հանդիսատեսին»,-նշում է Նարեկ Հախնազարյանը, ով անհամբեր սպասում է հայ ունկնդրի հետ հանդիպմանը։
Համերգային ծրագրում Ժ․ Մասնեի «Մտորումներ»՝ «Թաիս» օպերայից, Ս․ Ֆրանկի Սոնատ ջութակի և դաշնամուրի համար լյա մաժոր (թավջութակի համար փոխադրումը՝ Նարեկ Հախնազարյանի), Պ․ Ի․ Չայկովսկու «Նոկտյուրն» ստ․ 19, թիվ 4, «Pezzo Capriccioso» ստ. 62 և Դ․ Շոստակովիչի Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար ռե մինոր, ստ. 40 ստեղծագործություններն են։
2011 թվականին, 22 տարեկանում, փայլուն հաղթանակ է տարել Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում: Նրա ելույթները նոր թափով շարունակվեցին բազմաթիվ երկրներում որպես մենակատար, կամերային երաժիշտ: Նարեկը առինքնող արտիստ է, իսկական վիրտուոզ՝ օժտված բնածին երաժշտականությամբ և հանդիսատեսի հետ կապ հաստատելու բացառիկ տաղանդով:
Նարեկ Հախնազարյանը եղել է BBC New Generation Artist: Ընդգրվել է Վիեննայի Konzerthaus-ի «Մեծ տաղանդներ» համերգաշարում: «Շլացուցիչ փայլ» (The Strad), «ավելի քան հիասքանչ» (San Francisco Chronicle), «գործիքին աներևակայելի տիրապետում» (LA Times)՝ այսպիսի արձագանքների է արժանացել Նարեկը:
Հախնազարյանը ելույթներ է ունեցել Orchestre de Paris, London Symphony, London Philharmonic, Rotterdam Philharmonic, Frankfurt Radio, Berlin Konzerthaus, Royal Stockholm Philharmonic, Chicago Symphony, LA Philharmonic, Pittsburgh Symphony, Sydney Symphony, Seoul Philharmonic, NHK Symphony և այլ հանրահայտ նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Գերգիև, Կուպման, Էլսոփ, Լինտու, Սոխիև, Ռոբերտսոն, Հոնեկ, Նոզեդա, Նետոպիլ և այլք): Հանդես է եկել միջազգային հայտնի փառատոնների շրջանակում, հեղինակավոր համերգասրահներում։
Միջազգային մրցույթների դափնեկիր է. Արամ Խաչատրյանի անվ. մրցույթ (Երևան, 2006, 1-ին մրցանակ), Johansen International Competition (2006, 1-ին մրցանակ), Young Concert Artists International Auditions (2008, 1-ին մրցանակ) և այլ մրցույթներ: 2017-ին Նարեկ Հախնազարյանին շնորհվել է ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում: