Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Թաքնված տանտերը մուրճով հարվածել է տուն մտած անձի գլխին (տեսանյութ)

Ոստիկանների հիմնական գործառույթներից մեկն էլ հանցագործությունների կանխարգելումն է: Այդ նպատակով տարածքային ստորաբաժանումների ծառայողները մշտապես շրջում են փողոցներով ու բակերով։ Ապրիլի 5-ին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Շինարարների փողոցում էին, երբ ժամը 11.40-ին ականատես եղան տարօրինակ տեսարանի: Բակից գլխապատառ դուրս էր վազում 30-35 տարեկան մի տամարդ, ընդ որում` գլխապատառ նաև բառի բուն իմաստով: Գլխի վերքն արնահոսում էր, ձեռնոցներով էր և ձեռքին էլ դանակ կար: Նրա հետևից վազում էր մուրճը ձեռքին մեկ այլ տղամարդ ու գոռում` բռնե՛ք:

Շրջագայության ելած Բազումի ոստիկանները` քրեական հետախույզն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչը, վազում են նրանց հետևից: Այդ ընթացքում արնահոսող տղամարդը ձեռքից գցում է դանակը, հանում ու նետում բանվորական ձեռնոցները, բայց ավելին անել չի հաջողվում. ոստիկանները բռնում են: Տեղում հանդարտեցնելով իրավիճակը`տանում են բաժին, որտեղ բոլոր հարցերը ստանում են սպառիչ պատասխաններ: Պարզվում է, որ մուրճով տղամարդը Շինարարների փողոցի բնակիչ է, իսկ դանակով զինվածը` հանցավոր մտադրություններով մեկը: Իսկ մինչ նրանց փողոց վազելը կատարվել էր հետևյալը:

Տանտերը տարօրինակ ձայն էր լսել և մոտեցել դռանը: Նայելով դիտանցքից` նկատել էր արևային ակնոցով ու բժշկական դիմակով մեկին, որը փորձում էր բացել դուռը: Հասկացել էր, որ նա եկել է գողության:

Հանցագործությունը կանխելու, նաև ինքնապաշտպանության նպատակով վերցրել էր մուրճն ու թաքնվել դռան հետևում:

Երկար չէր սպասել. տեխնիկական միջոցների գործադրմամբ դիմակավոր անձը բացել էր դուռը, բայց միայն մեկ-երկու քայլ էր կարողացել անել. թաքնված տանտերը մուրճով խփել էր գլխին: Հարվածից բնակարան մտած անձի ակնոցն ու դիմակն ընկել էին, ինքն էլ, գլխի արնահոսող վերքով, փախել էր փողոց: Իսկ ինչ էր կատարվել փողոցում, արդեն մանրամասնել ենք։ Գլխի վերքը մշակելուց և անհրաժեշտ գործողություններից հետո ոստիկանները 33-ամյա տղամարդուն ներկայացնում են Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվում։ Նա ձերբակալվել, ապա, դատարանի որոշմամբ, կալանավորվել է:
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են՝ նշում է Ոստիկանությունը։