Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պրոբլեմը մեր մեջ ա․ շնորհավորում եմ բոլորիս․ քաղաքապետ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին Ծիծեռնակաբերդի բարձունքում 8,5 հեկտար տարածքում գարնանը ծառատունկ իրականացնելու ուղղությամբ աշխատանքների ընթացքի մասին զեկուցելիս հայտնեցին, որ շուրջ 3,1 հեկտար տարածքում նախապատրաստական աշխատանքները մեծամասամբ ավարտված են՝ փոսորակները փորված են, ոռոգման ցանցի վրա են աշխատանքներ տարվել։ 

Քաղաքապետին տեղեկացրեցին, որ երկու օր գործ չի արվել, որովհետև եղանակային պայմանները լավ չէին։

Պարզաբանման վրա քմծիծաղ տվեց Հրաչյա Սարգսյանը և դիմելով զեկուցող պաշտոնյային՝ հարցրեց․ «Պարոն Նազարյան, ե՞րբ կարող ենք հայտարարել, որ այդտեղ ծառատունկ ենք անում՝ թե ինչ արեցինք, բերինք, դրինք, բարձրացրինք, չգիտեմ․․․փոսը փորինք»։

«Ամենաուշը մեկ շաբաթից կսկսենք ծառատունկը»,-պատասխանեց պաշտոնյան։

Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց՝ հողի հարցը լուծեցի՞ք։

«Ընթացքի մեջ է, պարոն քաղաքապետ։ Մյուս շաբաթ Ձեզ ավելի հստակ կզեկուցնեք»,- արձագանքեց նա քաղաքապետին, բայց Հրաչյա Սարգսյանը շարունակեց հարց տալ․ «Ծառատունկը ո՞ր ժամանակից որ ժամանակն է լինելու»։

«Ծառերի մատակարարման հետ կապված որոշակի հարցեր կան, հիմա․․․»,-ասաց Նազարյանը, իսկ քաղաքապետը վրա բերեց․ «Ի՞նչ հարցեր կան»։

Քաղաքապետը ստացավ պատասխան՝ գնումները ինչ-որ մասով կայացել են , ինչ-որ մասով․․․։ Այստեղ քաղաքապետը հարցն ուղղեց մյուս պաշտոնյային։

«Ե՞րբ եք մրցույթը դրել, պարո՛ն Հակոբյան, ի՞նչ խնդիր կա»,- կրկին հարց հնչեցրեց քաղաքապետը։

Հրաչյա Սարգսյանին տեղեկացրեցին՝ մրցույթը հայտարարված է եղել, հաղթողները կան, բայց որոշ դեպքերում պայմաններին չեն համապատասխանում․ խնդիրը հողն է և պրոբլեմը կապված չէ քաղաքապետարանի հետ։

Հրաչյա Սարգսյանը հակադարձեց, թե այդ պրոբլեմները այնքանով է ձեզնից կախված, որ դրանք հերթով եք իրականացնում։ Ծառատունկի հարցի շուրջ քննարկում ծավալվեց և քաղաքապետն ասաց, որ չի ցանկանում այդ դիսկուրսի մեջ մտնել՝ միայն ցանկանում է իմանալ, երբ են ծառատունկը սկսելու։

Քանի որ քաղաքապետին հստակ պատասխան չտվեցին, Հրաչյա Սարգսյանն արձանագրեց․ «Պրոբլեմը մեր մեջ է, և վստահաբար ասում եմ՝ ծառատունկ չարեցինք»։

Մանրամասները՝ տեսանյութում։