Բացել լրահոսը Փակել լրահոսը
խոժոռնի-11
A A
Հասարակություն

Վրաստանի հայաբնակ Խոճոռնի գյուղը ոչ բավարար արոտավայրերի, վառելանյութի խնդիր ունի

Մառնեուլիի շրջանում, վրաց-հայկական սահմանին գտնվող Խոժոռնի գյուղը փորձում է լուծել աշխարհագրական դիրքի պատճառով հատկապես վերջին տարիներին ի հայտ եկած խնդիրները։ Երեք կողմից Հայաստանին սահմանակից գյուղն արդեն ունի սեփական խմելու ջուրը, որը մինչ այդ գյուղին էր հասնում Հայաստանի տարածքից և վթարի դեպքում անհնար էր լինում վերանորոգելը:

Խնդիր է մնում սահմանային խիստ ռեժիմի պատճառով ոչ բավարար արոտավայրերի, վառելանյութի հարցը։ Վերջին տարիներին գյուղին բավականին մեծ ուշադրություն է դարձվել՝ խմելու ջուրը Վրաստանի տարածքից հասել է բնակավայր, փողոցներն են լուսավորվել, աղբամաններ են տեղադրվել, ֆուտբոլի փոքր խաղադաշտ է կառուցվել, գյուղ տանող ճանապարհն է ասֆալտապատվել, այդուհանդերձ գյուղի մի շարք խնդիրներ դեռևս արդիական են մնում։

Այդ խնդիրներից առաջնայինը, որ հանգեցնում է հայրենի գյուղը լքելուն, աշխատատեղերի բացակայությունն է։ Երիտասարդների մեծ մասը կրթություն ստանալու, արտագնա աշխատանքի նպատակով դուրս է եկել գյուղից և այլևս չի վերադարձել։ Խոժոռնիի տարեց բնակիչներից Յուրիկ Սիրադեղյանը գյուղում աշխատատեղերի բացակայության խնդրին անդրադառնալով, նշում է, որ հիմնականում երիտասարդներն են լքում գյուղը, ոմանք արտագնա՝ ժամանակավոր աշխատանքի համար, ոմանք էլ ընդմիշտ։

«Մինչ սահմանների այս աստիճան խստացումը հնարավորություն ունեինք անտառից հատապտուղ, փայտ բերելու, որը հնարավոր էր նաև վաճառել, իսկ հիմա գյուղում ոչ աշխատատեղ կա, ոչ հողագործությամբ ենք կարողանում նորմալ զբաղվել, ցանածն էլ անձրևի հույսով է լինում»,-«Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Սիրադեղյանն ու հավելում՝ ոռոգման ջուր չկա, որի պատճառով էլ հողագործությունը կորցրել է իր իմաստը։ Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ Խորհրդային միության ժամանակ գյուղն ունեցել է ոռոգման ջուր, այն գյուղ էր հասնում պոմպերի օգնությամբ, դրանք, սակայն հիմա չեն գործում։

«Բնականաբար առաջնային խնդիր է ոռոգման ջուր չունենալը, դա ևս ժամանակի ընթացքում կլուծվի», — խոստանում է Հախվերդյանը։ Ըստ Սիրադեղյանի՝ սահմանին մոտ լինելու պատճառով գյուղի արոտավայրերը քիչ են, խոշոր եղջերավոր անասուններ պահելու համար խնդիրները շատ են։ Երեք կողմից Հայաստանին սահմանակից գյուղում վերջին տարիներին սահմանային վերահսկողությունը խստացվել է՝ բարդություններ առաջացնելով անգամ իրենց տնամերձում ազատ տեղաշարժի համար։ Հախվերդյանը նշում է, որ այժմ գյուղի խմելու ջրի խնդիրը 90 տոկոսով ապահովված է. «Այժմ Խոժոռնիից 6 կմ հեռավորության վրա գտնվող Օփրեթ գյուղից 100 միլիմետր հաստությամբ խողովակով խմելու ջուր է հասնում գյուղ»։

Նա ընդգծում է, որ մինչ այդ, գյուղի խմելու ջուրը գալիս էր Հայաստանի տարածքից, խողովակները ձմռանը սառցակալում էին կամ աշնանը տերևաթափի հետևանքով խցանվում՝ ամիսներով առանց ջրի թողնելով բնակիչներին․ վերջին տարիներին սահմանային ռեժիմի խստացման պատճառով գյուղից մի քանի մետր հեռավորության վրա՝ Հայաստանի սահմանում գտնվող խողովակներին հասնելը խնդիր էր դարձել։

«Մի քանի տարի առաջ, երբ ջրերը կտրվում էին, մեր անձնագրի պատճենը հանձնում էինք սահմանապահներին, թույլտվություն ստանում և գնում ջուրը վերանորոգում (սահմանը հատելով հենց Խոժոռնիից, խմբ․), իսկ հիմա այս ամենը չկա, քանի որ սահմանների վերահսկողությունը խստացրել են»,- խորը հոգոց քաշելով, պատմում է Սիրադեղյանը։

Նա նշում է՝ վառելափայտ ձեռք բերելը ևս կարևոր խնդիրներից մեկն է։ Նախկինում վրաց-հայկական սահմանի անտառից անարգել փայտ էին բերում։ Հախվերդյանն այս խնդրի լուծման լույսը ևս տեսնում է։ Ըստ պատգամավորի՝ հնարավոր է, որ մինչև տարեվերջ Խոժոռնի և Գյուլիբաղ գյուղերը գազաֆիկացվեն։

Մանրամասները՝ «Ալիք Մեդիա»-ում։