Բացել լրահոսը Փակել լրահոսը
2
A A
Հասարակություն

Մեկնարկել է «Պատվաստումը հոգատարություն է» արշավը

«Պատվաստումը հոգատարություն է» արշավը մեկնարկել է Կոտայքի մարզի Աբովյան բժշկական կենտրոնում, որտեղ ներկա են գտնվել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժիհան Թաուիլան և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի իմունիզացիայի ծրագրի ղեկավար Սիդհարթա Դատան:

COVID-19-ի դեմ պատվաստումը կենսական առաջնահերթություն է, քանի որ համավարակը շարունակում է մեծ ազդեցություն ունենալ։ Չպատվաստված բնակչությունը, հատկապես խոցելի խմբերը, ինչպիսիք են տարեցները, շարունակում են մնալ հոսպիտալացման, հիվանդության ծանր ընթացքի և մահվան շատ ավելի մեծ վտանգի ներքո: 

Պատվաստման արշավն իրականացվում է առողջապահության նախարարության և ազգային գործընկերների՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, տեղական ինքնակառավարման մարմինների, Արաբկիր ԲԿ-ի և ԵԴԱԻ-ի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, Իմունոլոգիայի հայկական ասոցիացիայի, Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համատեղ՝ «Եվրոպական միության և ԱՀԿ միասնական գործողությունների շրջանակներում՝ աջակցելու COVID-19-ի պատվաստանյութերի ներդրման և պատվաստումների իրականացմանը Արևելյան գործընկերության երկրներում, 2021-2024թթ.» ծրագրի շրջանակում: 

Արշավի նպատակն է պատվաստումը հասանելի դարձնել Հայաստանի մարզերում բնակվող 65 տարեկանից բարձր անձանց համար իրենց բնակությանն ավելի մոտ գտնվող պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում և համայնքային կենտրոններում՝ շրջիկ բժշկական թիմերի միջոցով: Բացի COVID-19-ի դեմ պատվաստումներից, առաջարկվում է այլ կարևոր առողջապահական ծառայությունների ստացման հնարավորություն, ներառյալ` ոչ վարակիչ հիվանդությունների՝ անեմիայի և շաքարային դիաբետի սքրինինգներ։ 

«Մենք դեռ չենք հասել 65 տարեկանից բարձր անձանց պատվաստումների համար նախանշված թիրախին, հետևաբար, մենք հավատում ենք, որ այս արշավը կօգնի մեզ շարժվել դեպի մեր նպատակը՝ պատվաստել առավել խոցելի քաղաքացիների մեծամասնությանը: Վստահ եմ, որ կկարողանանք ավելի մեծ ազդեցություն ունենալ և պատվաստանյութերն էլ ավելի հասանելի դարձնել շրջաններում ապրող մարդկանց համար, ինչպես նաև տրամադրել այլ կարևոր ծառայություններ՝ ոչ վարակիչ հիվանդությունների հետազոտման նպատակով», - նշել է Լենա Նանուշյանը։ 

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժիհան Թաուիլան ընդգծել է. «Առողջապահական այս համապարփակ արշավն առանձնահատուկ նշանակություն ունի. բարձրացնելով իրազեկվածության մակարդակը և տրամադրելով կանխարգելիչ միջոցներ ծանր ընթացքով հիվանդության դեմ՝ COVID-19-ի դեմ պատվաստման և այլ կարևոր ծառայությունների միջոցով, այն թույլ է տալիս ավելի հասանելի դարձնել բուժօգնությունն առավել խոցելի մարդկանց, տարեցներին և սահմանափակ շարժունակություն ունեցողներին: Այն նաև համախմբում է ազգային և միջազգային գործընկերներին, ինչպես նաև համայնքներին՝ ցույց տալու ուժերի միավորման կարևորությունը»։

Նշենք, որ ԱՀԿ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանում համավարակի դեմ պայքարում` ԵՄ ֆինանսական աջակցության շնորհիվ` աջակցելով առողջապահության նախարարությանը բուժաշխատողների վերապատրաստման, հանրային առողջության լաբորատորիաների արդիականացման, անհատական պաշտպանության միջոցների և հիվանդանոցներին ժամանակակից կենսաբժշկական սարքավորումների տրամադրման, պատվաստումների պահպանման համար պատշաճ սառցային շղթայի ապահովման և ապացուցահեն որոշումներ կայացնելու համար առողջապահական տեղեկատվական համակարգի արդիականացման գործում:

 

Շարժական խմբերի այցելությունների ժամանակացույցը ստորև՝

Կոտայք – 8, 9, 10 ապրիլ 

Տավուշ – 16, 17 ապրիլ

Լոռի/Սյունիք – 23, 24 ապրիլ

Գեղարքունիք/ Վայոց ձոր - 30 ապրիլ, 1 մայիս

Արագածոտն-  7, 8 մայիս

Շիրակ – 14, 15 մայիս

Արարատ – 21, 22 մայիս

Արմավիր– 28, 29 մայիս