Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I8764 (1)
A A
Քաղաքականություն

Ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

Արդեն մոտ չորս ժամ Բրյուսելում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ու մասնակցությամբ։ Հանդիպման եռակողմ այս ձևաչափին նախորդել էին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առանձին հանդիպումները Հայաստանի վարչապետ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ:

Շառլ Միշելի հետ ՀՀ վարչապետ Փաշինյանի ունեցած զրույցի մասին Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը հաղորդում է, որ զրուցակիցները քննարկել են նախատեսված եռակողմ հանդիպումը և կարևորել երկխոսության շարունակականությունը:

Ըստ ՀՀ վարչապետի մամլո ծառայության տեղեկության՝ «Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:

ՀՀ վարչապետը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:

Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը», ասված է ՀՀ վարչապետի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև հանդիպմանը նախագահ Ալիևը «բարձր է գնահատել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներդրումը հետհակամարտային շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և ընդգծել Բրյուսելի խաղաղության օրակարգի կարևորությունը, որը որոշվել է անցյալ տարվա դեկտեմբերին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ։ Նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ հայկական կողմի մասնակցությամբ եռակողմ ձևաչափով այսօրվա հանդիպումը՝ որպես բրյուսելյան խաղաղության օրակարգի շարունակություն, կլինի արդյունավետ»։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև այս շրջանակներում անցկացվող երկխոսության կարևորությունը և բարձր է գնահատել Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում։

Դեռևս նախքան հանդիպումը հայտնի Foreign Policy ամսագին անդրադարձել էր եռակողմ գագաթնաժողովին իր «Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ» հրապարակմամբ, ուր ներառված էին նաև Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի տարածաշրջանի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանի մեկնաբանությունները այս կապակցությամբ: Վերջինս կարևորում է ուկրաինական զարգացումների պայմաններում ԼՂ բանակցային գործընթացում եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությունը՝ ընդգծելով դրա շարունակական լինելու կարևորությունը: «Դա միայն մեկ իրադարձություն չէ, որ նրանք անցկացրել են դեկտեմբերին: Դա մի բան է, որն ավելի շատ վերածվում է գործընթացի», նշել է Օլեսյա Վարդանյանը:

Նրա կարծիքով Եվրամիության ներգրավվածությունը ճիշտ ժամանակին է՝ հաշվի առնելով Ռուսաստանի սանձազերծած պատերազմն ընդդեմ Ուկրաինայի: Ռուսաստանի տնտեսական անկայուն իրավիճակը սպառնում է թուլացնել այն իշխանությանը, որը ժամանակին միջնորդ էր հանդիսացել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, ուստի գործընթացը պահանջում է ավելի շատ խաղացողների ընդգրկում, ասում է Վարդանյանը։ «Եթե Ռուսաստանն իսկապես թուլանա և չկարողանա ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին, ապա վախենամ, որ մենք հսկայական խնդրի առջև ենք կանգնելու», նշել է վերլուծաբանը:

Ամերիկայի Ձայն