Բացել լրահոսը Փակել լրահոսը
D919453F-2FA5-4A31-A1A7-CA978EBAD8A6_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Վաշինգտոնը ողջունում է Փաշինյան-Ալիև սպասվող բանակցությունները

Ապրիլի 6-ին նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Վերլուծաբանները քննարկում են գալիք գագաթնաժողովն ու ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս մասին նշում է «Ամերիկայի ձայն»-ը։

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունում է ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև բանակցությունները: Պետքարտուղարությունը կոչ է անում կողմերին ավելի մեծ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին և վերահաստատել աջակցությունը բոլոր առկա խնդիրների դիվանագիտական կարգավորմանը, հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչությունը։ Բացի այդ, հանդիպման նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում քննարկվել են գալիք բրյուսելյան հանդիպման հետ կապված հարցեր:

Պետքարտուղարն իր խրախուսանքի խոսքն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունների կապակցությամբ, այդ թվում՝ Փաշինյանի և Ալիևի միջև ապրիլի 6-ին նախատեսված հանդիպման Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հետ։ Նա վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել երկրներին երկարաժամկետ համապարփակ խաղաղություն գտնելու հարցում՝ ներգրավվելով երկկողմանի և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ունեցած իր դերակատարության միջոցով:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը, ի պատասխան Ամերիկայի ձայնի հարցին, դժվարանում է որևէ գնահատական տալ այս պահին բրյուսելյան հանդիպմանը: Նախկին դիվանագետի կարծիքով՝ Մոսկվան շարունակում է թելադրել այս գործընթացում, և շատ բան կախված է, թե ինչպիսի դիրքրոշում է հայտնել Պուտինը իր դաշնակիցներ Փաշինյանին ու Ալիևին։ Նրանք չեն գնա ավելի հեռու, քան թույլ կտա Պուտինը, գտնում է Կազլյարիչը։

Սակայն ամեն դեպքում Կազլյարիչը դրական է որակում այն փաստը, որ կողմերը բանակցում են և հանդիպումը կայանում է Բրյուսելում: Ըստ նրա՝ ցանկալի է, որ Ալիևն ու Փաշինյանը, արտաքին ուժերին դիմելու փոխարեն, լինի Բրյուսելը, թե Մոսկվան, ուղիներ փնտրեն ընդլայնելու ուղիղ երկկողմ երկխոսությունը և հարցերի շրջանակը, որոնք պետք է քննարկվեն համապարփակ խաղաղ գործընթացի ընթացքում։

Իր հերթին օրերս Eurasianet պարբերականում հրապարակված «Հայաստանն ազդարարում է Ղարաբաղը զիջելու պատրաստակամության մասին» վերնագրով իր հոդվածում վերլուծաբան Ջոշուա Կուցերան կարծիք է հայտնում, որ «Հայաստանի իշխանություններն ըստ էության ընդունում են, որ հայերին չի հաջողվի վերահսկողություն պահպանել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Սա Ադրբեջանի համար ճանապարհ է բացում տարածքի նկատմամբ լիարժեք ինքնիշխանությունը վերականգնելու համար և անորոշ ապագա է ձևավորում այնտեղ ապրող էթնիկ հայերի համար», պնդում է Կուցերան:

Ըստ վերլուծաբանի՝ նման կարծիք ուղղակիորեն չի հայտնվում: Պաշտոնապես Երևանը հերքում է, որ պատրաստ է զիջումների գնալ, նշում է վերլուծաբանը՝ շեշտելով, որ դրա մասին, սակայն, վկայում է Երևանի պաշտոնական հռետորաբանության զգալի փոփոխությունը։

Նրա կարծիքով՝ Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունից հրաժարվելը կտրուկ շրջադարձ է Երեւանի և հատկապես Փաշինյանի վարչակազմի համար, որը ձգտում է այսօրվա իրականության մեջ խուսափել 2020 թվականի զարգացումներից։