Ընդդիմությունն ամենալավ հնարավորությունն ուներ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո. Քաղաքագետ
Աջակցիր «Ա1+»-ինԿարծում եմ ընդդիմությունը գլոբալ առումով հաջողության չի հասնի։
«Ա1+»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության կողմից ապրիլի 5-ին կայանալիք հանրահավաքին, ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ պարզաբանելով, որ հասարակությունը հիասթափված է նաև ընդդիմությունից։
«Ընդդիմությունն ամենալավ հնարավորությունը, շանսն ուներ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ իշխանություն ուղղակի չկար, իշխանության ներկայացուցիչներն թաքնված էին բունկերներում, և կարելի է ասել իշխանությունը գետնին ընկած էր, բայց ընդդիմությունը չկարողացավ գրագետ աշխատանքի շնորհիվ վերցնել այդ իշխանությունը»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով․ «Եթե այն ժամանակ չկարողացան՝ հիմա էլ չկա նախադրյալ, որ նրանք կարող են իշխանություն վերցնել»։
Արմեն Վարդանյանի խոսքով՝ հանրահավաքներ անելի նորմալ է, եթե ընդդիմությունը ասելիք ունի հանրությանը և սա լավագու՛ն ձևերից մեկն է։
Փորձագետը գտնում է՝ եթե ընդդիմությունը լավ իմաստով ճնշելու է իշխանությանը, ապա դա էլ պետք է նորմալ համարել։
« Եթե Փաշինյանի՝ Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված կարևոր հանդիպումներից առաջ ընդդիմությունը վատ առումով փորձում է ճնշումներ գործադրել իշխանության վրա, ապա սա անընդունելի է»,- նկատեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի աշխատանքը, քաղաքագետը նշեց, որ խորհրդարանի երեք ֆրակցիաների աշխատանքն իր սրտով չէ։
Անդրադառնալով արտախորհրդարանական ուժերի գործունեությանը՝ քաղաքագետն ասաց, որ նրանց ձայնը շատ մեծ չէ որոշումների կայացման հարցում և շատ բան ակնկալել չենք կարող։
Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք է անցկացնելու՝ իշխանության հրաժարականի պահանջով։