Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ակնկալում ենք, որ ԼՂ հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Լեհաստանի նախագահության ստանձնումը համընկավ Եվրոպայում լրջագույն ճգնաժամի՝ Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետ։ Հասկանալի է, որ այս պահին այն իր վրա է սևեռում ԵԱՀԿ-ի ուշադրության մեծ մասը, սակայն ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում։

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ Զբիգնև Ռաուն Հայաստան է եկել որպես ԵԱՀԿ գործող նախագահ։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր ելույթում շնորհավորեց և արդյունավետ գործունեություն մաղթեց պաշտոնյային։ ԱԳ նախարարը նշեց՝ Զբիգնև Ռաուի հետ քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում տիրող իրավիճակը։ Անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության առաջնահերթություններին։

«Գործընկերոջս մանրամասներ ներկայացրեցի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ»,-մանրամասնեց Միրզոյանը՝ հավելելով, որ պաշտոնյայի հետ քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա առանց նախապայմանների հարաբերությունների զարգացումները։

Արարատ Միրզոյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է միջազգային իրավունքը և իր կողմից ստորագրված Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Նա հույս հայտնեց, որ ԵԱՀԿ-ն կօգնի Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։

Զբիգնև Ռաուն իր հերթին վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար՝ մտահոգություն հայտնելով, որ «տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն»։

Նա իր երախտագիտությունը հայտնեց գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնական Անջեյ Կասպրշիկին տարածաշրջանում ամուր կայունության և հաշտեցման հաստատմանն ուղղված ջանքերի համար։