Բացել լրահոսը Փակել լրահոսը
277357211_157735056647461_8748952048934990963_n
A A
Հասարակություն

ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում, ՊՆ-ում, Երևանի քաղաքապետարանում, Հայփոստում

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում տեղի է ունեցել 2022 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքներն ամփոփող խորհրդակցություն, որը վարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Այս մասին տեղեկացնում է ծառայության ֆեյսբուքյան էջը:

Զեկույցներով հանդես են եկել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով իրականացված և ընթացքում գտնվող ուսումնասիրությունների, մշտադիտարկումների վերաբերյալ համառոտ արդյունքային ցուցանիշները։

Ըստ այդմ, 2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է 106 մշտադիտարկում, որից 81-ը ավարտված են, իսկ 25-ը գտնվում են ընթացքում: Մշտադիտարկումների իրականացումն այս պահին շարունակվում է  Արտաքին գործերի,  Պաշտպանության, Էկոնոմիկայի  նախարարություններում, Պետական եկամուտների կոմիտեում և այլ մարմիններում:

2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է 12 ուսումնասիրություն, որից 9-ը գտնվում են ընթացքում: Տվյալ պահին իրականացվում են ուսումնասիրություններ Առողջապահության, Պաշտպանության նախարարություններում, Երևանի քաղաքապետարանում, «Հայփոստ» ՓԲԸ-ում և այլ մարմիններում, այդ թվում՝ գործարքի կողմ հանդիսացող անձանց մոտ:

Իրականացված ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են հիմնականում հետևյալ խախտումները՝

ՀՀ կառավարության որոշումների պահանջների չկատարում,

պետական միջոցների անարդյունավետ կառավարում:

գնման գործընթացի պլանավորման և իրականացման անհամապատասխանություն «Գնումների մասին» օրենքին և այդ գործընթացը կանոնակարգող իրավական ակտերին,

ձեռք բերված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության քանակական անհամապատասխանությունը կնքված պայմանագրերին:

Արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ պետական մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ 8 դեպքի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությունների և մշտադիտարկումների  արդյունավետությունը բարձրացնելուն  ուղղված՝ Ծառայության ղեկավարի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ամենօրյա մշտադիտարկման ներքո են Կառավարության որոշումների, ինչպես նաև  վարչապետի որոշումների և հանձանարարականների կատարումը։

Պետական վերահսկողական ծառայության վերահսկողական գործառույթների արդյունքների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: