Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչու՞ մինչ օրս չունենք Կրթության և գիտության ռազմավարություն (տեսանյութ)

«Մեդիա կենտրոնի» քննարկման թեման՝ ինչու չունենք կրթության և գիտության ռազմավարություն։

Քննարկման բանախոսներն են՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և պետական ֆինանասավորման, կառավարման փորձագետ Արտակ Քյորումյանը։

«Արդեն ունենք մինչև 2030 ծրագրի նախագիծը, որը փետրվարին ներկայացվեց հանրային քննարկման, և հավանաբար նախարարությունը փոփոխություններ է անում այդ քննարկումների հիման վրա։ Առաջիկայում ծրագիրը կներկայացվի Կառավարություն, այնուհետև ԱԺ»,- հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն՝ անդրադառնալով ռազմավարության թեմային ու նշելով, որ այս ծրագրի հետ կապված չարչրկված գործընթաց եղավ։

Փորձագետը հիշեցնում է, որ այս գործընթացը սկսվել է դեռևս 2015 թվականից, որ սկսվեց մինչև 2025 թվականի ծրագրի մշակումը, որից հետո եղան մի քանի նախագծեր, և 2018 թվականից հետո այդ նախագիծը չեղարկվեց։

Սերոբ Խաչատրյանին մտահոգում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ կրթության ռազմավարության ծրագիրը ընդմիջվում է և հիշեցնում է 2006-2010 թթ․-ն, երբ հինգ տարի մշակվելուց հետո լուրջ խախտվում է օրենքը։

Փորձագետի կարծիքով՝ նախագծի ձգձգման պատճառն այն է, որ մենք չունենք մարդկային բավարար կապիտալ, որը կմտածի ռազմավարական մակարդակով իրականացնել այն։

Հարցին՝ ինչպես է իշխանության փոփոխությունը ազդում կրթության և գիտության ռազմավարության վրա,  կառավարման փորձագետ Արտակ Քյորումյանը հիշեցնում է, որ ինքը հոդվածների տեսքով անդրադարձել է այս խնդրին։ Նրա կարծիքով՝ մեր պետական կառավարման համակարգն իզորու չէ այդ լայնածավալ գործընթացն իրագործել։

Սերոբ Խաչատրյանն անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացրած ռազմավարության ծավալներին՝ նշեց, որ պետք է խորքային ուսումնասիրություն իրականացնել միջազգային կազմակերպությունների ծրագրերի շրջանակներում։

«Ծրագրի դրական կողմերից մեկն այն է, որ փաստաթղթում բավականին տվյալներ են բերված և ինչ-որ իմաստով սա խիզախություն է, որ նախարարությունը ներկայացրել է։ Անգամ ինքնաքննադատություն կա, բայց շատ դեպքերում մեղքը գցվում է կրթական հաստատությունների վրա։ Բայց, կարծում եմ, շատ բարդ է այդ տեսակ փաստաթղթերի իրականացումը»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։

Արտակ Քյորումյանի խոսքով, ճիշտ է՝ չկան բավարար ռեսուրսներ այս մասշտաբի ծրագրի իրականացման համար, բայց դա չի նշանակում, որ մեզ ծրագիր պետք չէ։

«Ճիշտ հակառակը, պետք է ունենալ ճիշտ թիրախավորված ծրագիր, որպեսզի մեր ունեցած ռեսուրսներն օգտագործենք առավել նպատակային»,- շեշտեց Արտակ Քյորումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։