Բացել լրահոսը Փակել լրահոսը
277253457_282536950721394_635884018915052417_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից. Ղրղզստանի խորհրդարանի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի (խորհրդարանի) նախագահ Տալանտ Մամիտովին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները՝ արձանագրելով խորհրդարանական դիվանագիտության եւ բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների պատվիրակությունների կառուցողական համագործակցությունն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում եւ այլ խորհրդարանական հարթակներում:

Ղրղզ գործընկերը հիշեցրել է 1994թ. Բիշքեկում ստորագրված Լեռնային Ղարաբաղի հրադադարի վերաբերյալ արձանագրությունը՝ փաստելով, որ վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից:

Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության հաստատման հարցերին՝ երկուստեք կարեւորվել է խաղաղության օրակարգի սատարումը: Ի թիվս քննարկումների լայն շրջանակի՝ մտքեր են փոխանակվել նաեւ ապակենտրոնացված համագործակցության շուրջ:

Այս համատեքստում առանձնացվել են երկրորդ քաղաքներ Գյումրիի եւ Օշի, ինչպես նաեւ Շիրակի եւ Օշի համապատասխան համալսարանների միջեւ փոխանակման առաջիկա ծրագրերը: