ՖԻՖԱ-ն ինքնուրույն կազմակերպություն է
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն, անդրադառնալով վերջերս ՖԻՖԱ-ի գործկոմի կայացրած որոշմանը, ըստ որի 2018 եւ 2022 թթ աշխարհի առաջնությունները անցկացվելու են համապատասխանաբար Ռուսաստանում եւ Քաթարում, ասել է, որ մրցավայրի ընտրությունը մտնում է այդ կազմակերպության իրավասության մեջ:
«Ես կարող եմ խոսել միայն ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամների մասին: Մեր կանոնակարգով նրանք օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրությունից առաջ իրավունք չունեն լինել այն երկրներում եւ քաղաքներում, որոնք իրենց թեկնածությունն են առաջարկում»,-ասել է նա:
Խոսելով ՖԻՖԱ-ի գորկոմի նիստի մասին, Ժակ Ռոգեն հայտարարել է, որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ինքնուրույն կազմակերպություն է, ուստի ինքն է որոշում, թե որտեղ պետք է տեղի ունենան աշխարհի առաջնությունները:
«Կարծում եմ, որ ՖԻՖԱ-ն այդ որոշումներով ցանկանում է նոր ֆուտբոլային տարածքներ ընդգրկել: Մի կողմից դա թույլ է տալիս ավելի մասսայական դարձնել մարզաձեւը, սակայն մյուս կողմից նման խոշոր մրցաշարերը վստահվում են այնպիսի երկրներին, որոնք 10-15 տարի առաջ անգամ չէին կարող մտածել այդ մասին: Կարեւորն այն է, որ աշխարհի առաջնությունները կայուն անցկացվում են եւ ֆինանսական խնդիրներ չեն ծագում: Ճիշտ է, տհաճ է լսել խախտումների մասին, սակայն մենք չպետք է «նորածին երեխային գետը նետենք»,-շարունակել է նա: