Բացել լրահոսը Փակել լրահոսը
275841283_682261576445396_2577976553076179992_n
A A
Քաղաքականություն Տնտեսություն Հասարակություն

Սպառողները ՀԷՑ-ից բացի այլ մատակարարի ընտրելու հնարավորություն կունենան

2022 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկ շուկան անցում կտարեց նոր մոդելի՝ առավել ազատական մոդելի, ինչը ենթադրում է, որ վերջնարդյունքում սպառողներս հնարավորություն կունենանք մեր սպառման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան ձեռք բերել մրցակցային պայմաններով։

«Ա1+»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» անդամ, իրավաբան Սեդա Շահինյանը։

«Մենք գործ ունենք էլեկտրաէներգետիկ շուկայի նոր մասնակիցների հետ, որոնց հիմնական առաքելությունը էլեկտրաէներգետիկ շուկայում՝ մեծածախ հատվածում հոսանք, էլեկտրաէներգիա ձեռք բերելու արդյունքում այն մանրածախ սպառողներին մատակարարելն է»,-ասաց Սեդա Շահինյանը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս սպառողներին, այդ թվում՝ բնակիչներին, ընտրություն կատարել ՀԷՑ-ից բացի, որը տվյալ պահին երաշխավորված մատակարարն է, ընտրություն կատարել այլ մատակարարների միջև։

«Փոփոխության հնարավորությունը ենթադրում է, որ առաջարկվող պայմանները պետք է լինեն առավել նպաստավոր, առավել ձեռնտու, որպեսզի ցանկացած սպառող գնա այդ ընտրության փոփոխությանը»,-պարզաբանեց հանձնաժողովի անդամը։

Հարցին՝ էլեկտրաէներգետիկ նոր մատակարարների շուկայում հայտնվելը անհանգստացնու՞մ է, Սեդա Շահինյանը պատասխանեց, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգետիկ շուկայում առաջնային խաղացող է, որի գործառույթը էլեկտրաէնեգիայի տեղափոխումն է մի կետից մյուս կետը։

«Անկախ նրանից, որ մենք բոլորս հնարավորություն կունենանք մեր մատակարարներին ընտրել այլոց շարքում՝ դա չի ենթադրում, որ մեր հարաբերությունները ՀԷՑ-ի հետ պիտի դադարեն, որովհետև բախշման ցանցը մենաշնորհ է և այդպես է ամբողջ աշխարհում, և հոսանքի տեղափոխումն իրականացնում է բաշխող ընկերությունը»,- բացատրեց ՀԾԿՀ-ի իրավաբանը՝ նշելով, որ ՀԷՑ-ի մոտ դժգոհություն չի նկատվել։

Սեդա Շահինյանի խոսքով՝ մրցակցության էֆեկտները միշտ էլ դրական են․ «ՀԷՑ-ը հստակ կարգավորման տիրույթում լինելով հանդերձ՝ գտնվում է հանձաժողովի տեսադաշտում։ Այստեղ առավել մատակարարների խնդիրն է՝ գործունեությունն իրականացնել այնպես, որ լինի գրավիչ, շահավետ և ձեռնտու սպառողների համար»։

Սեդա Շահինյանը նաև ասաց, որ այս պահին էլեկտրաէներգետիկ շուկայում 6 լիցենզավորված մատակարար կա, որոնցից մեկը պետական ընկերություն է։

Հարցին՝ պետական ընկերության ներկայությունը էլեկտրաէներգետիկ շուկայում մրցակցային ռիսկեր չի՞ պարունակում, Սեդա Շահինյանն արձագանքեց՝ նման ռիսկեր չի տեսնում։

«Նշված պետական ընկերությունը ստեղծվել է 2018 թվականի Էնեգետիկայի մասին օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում, երբ սահմանափակումներ մտցվեցին ՀԷՑ-ի կողմից արտահանման և ներկրման իրականացման առումով, և այդ պետական ընկերությունը ստեղծվեց, որպեսզի կարողանար այդ գործառույթն իրականացներ»,- ասաց Շահինյանը՝ ընդգծելով, որ գործունեությունը մրցակցային է և այն կարգավովում է հանձնաժողովի կողմից բաց կանոններով։

«Պետք է արձանագրեմ, որ այս պահին ունենք ընկերություն, որը ներկրման բուն պրոցեսում է գտնվում՝ Վրաստանից էլեկտրաէներգիայի ներկրման մասով, որը մասնավոր լիցենզավորված ընկերության կողմից է իրականացվում։ Այն ընկերությունը, որը կլինի առավել փորձառու, առավել մասնագիտացված, նա էլ կկարողանա մատակարարել»,-ասաց ՀԾԿՀ անդամ Սեդա Շահինյանը։