«Վիժվածքը»՝ ծանր վիրավորանք, «հողատուն»՝ ոչ
Աջակցիր «Ա1+»-ինԻնչո՞ւ է մեղադրանքի կողմը վիժվածք բառը դիտարկել որպես ծանր վիրավորանք, իսկ հողատու բառը՝ ոչ։ Ամբաստանյալի աթոռին հայտված փաստաբան Մուշեղ Շուշանյանի համար անհասկանալի է դատախազության նման մոտեցումը։ Փաստաբանի նկատմամբ երկու գործ է հարուցված։
Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Վաչե Մարգարյանի նախագահությամբ շարունակվեց փաստաբանի նլատմամբ հարուցված քրեական գործի քննությունը։ Այս նիստում որոշվեց երկու քրեական գործերը միացնել։
Մեղադրողը ընթերցեց մեղադրական եզրակացությունները։ Երկու դեպքում էլ տուժողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։
Ըստ մեղադրանքի՝ Մուշեղ Շուշանյանը, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը և տեղեկատվական տեխնոլոգինաներն օգտագործելով՝ տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր, ինչպես նաեւ դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել է նման բռնությունը։
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը այս գործը համարում է քաղաքական պատվեր։ Հիշեցնենք, որ «ծանր վիրավորանքի» մասին Քրեական օրենսգրքի հոդվածն ուժի մեջ է մտել 2021 թվականի օգոստոսի 30-ին։
«Հոդվածները, որոնք ավելացվեցին ՔՕ-ի մեջ, հենց վարչապետի պաշտոնը զբաղեցնող տվյալ անձի հրապարակային քննադատություններից պաշտպանելու նպատակով են, դրանց հակաիրավական եւ հակասահմանադրական նորմեր են։ Դրանցով սահմանափակվում է անձանց ազատորեն արտահայտվելու իրավունքը, սահմանափակվում է ոչ իրավաչափ կերպով»,- ասաց Մուշեղ Շուշանյանը։
Այսօրվա դատական նիստին փաստաբան Արթուր Գրիգորյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել եւ ժամանակ տրամադրել միջնորդություն ներկայացնելու համար։
Փաստաբանը նշեց, որ միջնորդությունը վերաբերելու է քրեական գործի վարույթը կասեցնելուն եւ Մուշեղ Շուշանյանին առաջադրված մեղադրանքի հետ կապված Սահմանադրական դատարան դիմելուն, քանի որ հոդվածների հետ կապված սահմանադրականության խնդիր կա։
Դատախազ Ասատրյանը առարկեց միջնորդության դեմ ։
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշեց՝ թեեւ ինքը չի խուսափում պատասխանատվությունից, սակայն այս պարագայում մեղադրողն ինքը պետք է հանդես գործի վարույթը կասեցնելու կամ հետաձգելու միջնորդությամբ, մինչեւ համապատասխան որոշումը։
Դատավոր Վաչե Մարգարյանը որոշեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը եւ նիստը հետաձգեց մինչեւ մայիսի 13-ը։