Հայաստանը 10 ֆուտբոլիստով հաղթեց Չեռնոգորիային
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշրջան-2022-ը:
Մեր թիմն այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Չեռնոգորիայի հավաքականին: Հանդիպումն անհաջող սկսվեց Հայաստանի համար, քանի որ նախավարժանքին վնասվածք ստացավ փորձառու պաշտպան Անդրե Չալըշըրը: Նրանք փոխարինեց թիմի նորեկ Ստյոպա Մկրտչյանը: Վերջինս վատ չկատարեց իր պարտականությունները, սակայն 83-րդ րոպեին անհարկի խախտում թույլ տվեց դաշտի կենտրոնում, որի արդյունքում երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց դաշտից:
Այդ ժամանակ մերոնք արդեն առջևում էին հաշվի մեջ, քանի որ առաջին խաղակեսի 19-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի էր ընկել Վահան Բիչախչյանը: Մնացած ժամանակում Հայաստանի հավաքականը ստիպված պաշտպանվում էր և փորձում պահպանելնվազագույն առավելությունը: Ի վերջո, մեծ ջանքերի օգնությամբ մերոնց հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը:
Ավաղ, երկրորդ խաղակեսում փոխարինման մտած մեր ֆուտբոլիստները չկարողացան լիարժեք մտնել խաղի մեջ, ինչի արդյունքում մրցակիցը մեզ գերազանցեց բոլոր առումներով: Բարեբախտաբար, չեռնոգորցիների կատարած 8 հարվածներից ոչ մեկն դիպուկ չստացվեց, իսկ 7 անկյունայիններից հետո վտանգավոր պահեր չստեղծվեցին:
Ինչևէ, Հայաստանի հավաքականը ինն անհաջող խաղից հետո վերջապես կարողացավ հաղթանակ տանել` 1:0: Հինգ օր հետո մեր թիմը կանցկացնի հաջորդ ընկերական խաղը: Օսլոյում մերոնք կմրցեն Նորվեգիայի ընտրանու հետ: Այդ խաղը կսկսի ժամը 22:00-ին: