Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մանկավարժների տրանսպորտային ծախսերի փոխհատուցում․ Անդրեասյանը ներկայացրեց օրենքի նոր փոփոխությունները (տեսանյութ)

ԱԺ նիստին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Փոխնախարարը հիշեցրեց, որ այս տարի ԱԺ-ն ընդունեց Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները։ Փոխվեց չափորոշիչի սահմանումը՝ արձանագրելով, որ այն հիմնված է կարողունակությունների վրա։ Այդ մոտեցումը արձանագրվել է նաև նախադպրոցական կրթության ոլորտում։ Անդրեասյանն ընդգծեց, որ օրենքով փորձելու են նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչի սահմանումը համապատասխանեցնել հանրակրթության պետական չափորոշիչի տրամաբանությանը։

«Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակիցների վերապատրաստումների պահանջը սահմանվել էր օրենքով։ Փոփոխություններով ամրագրվելու են վերապատրաստող կազմակերպությունների ընտրության կարգի սահմանումը։ Հաստատության աշխատակիցներն ունենալու են ընտրության հնարավորություն այդ վերապատրաստող կազմակերպությունների միջև»,-պարզաբանեց Անդրեասյանը։

Փոխնախարարի խոսքով՝ առանձին լիազորող նորմով սահմանվել է նաև 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը։

«Օրենքի փոփոխությամբ կա նպատակ ընդլայնելու նախադպրոցական կրթական ծառայությունների ծածկույթը՝ ապահովելով հասանելիություն բոլոր բնակավայրերի երեխաների համար»,-նշեց Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց մանկավարժների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգի մասին։

Անդրեասյանը կարևորեց մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված համակարգ ունենալու փաստը։

Նա ընդգծեց՝ լիազորող նորմերի մասով օրենքի փոփոխությամբ նույնպես լրացում է արվում։