Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխանությունը չունի միջոցառումների ցանկ,որով կկարողանա թեթևացնել Արցախում ապրող մեր հայրենակիցների բեռը․ Աբրահամյան (տեսանյութ)

Մենք ունենք երկու խնդիր՝ ինչ է բանակցվում գազատարի շուրջ, որովհետև կան բազմաթիվ վարկածներ, որ ադրբեջանական կողմն այդ ահաբեկչության միջոցով փորձում է ճնշում գործադրել և դրա դիմաց այլ զիջումներ ստանալ Հայաստանից կամ Արցախից։

 

Նման դիտարկում արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այսօր ԱԺ-ում կայացած դռնփակ քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

 

«Երկրորդ խնդիրն է, թե հնարավոր այլ ճգնաժամերի պարագայում Կառավարությունը, իշխանությունը ունի գործիքակազմ, կատարել է ռիսկերի հաշվարկ, որպեսզի կարողանա հետագայում այդ ռիսկերը կառավարի»,- նշեց Տիգրան Աբրահամյանը՝ տեղեկացնելով,որ բանակցությունների հետ կապված որոշակի տեղեկատվություն է փոխանցվել, որը դժվար է համարել ամբողջական։

 

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը չունի միջոցառումների և գործողությունների ցանկ,որով կկարողանա թեթևացնել Արցախում ապրող մեր հայրենակիցների բեռը՝ չեզոքացնելով նրանց ուղղված սպառնալիքները։

 

 «Գլխավոր խնդիրն այն է,որ միջնաժամկետ կամ երկարաժամկետ ժամանակահատվածի համար որևէ լուրջ միջոցառման տեղեկություն չի փոխանցվել։ Այն ինչ տեղի է ունենում Արցախում,  բավականին բարդ իրադրություն է ստեղծել լուծումների առումով»,- նշեց պատգամավորը։

 

Հարցին՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին ավելի բարձր՝ Ռուսաստանի մակարդակով տեղյա՞կ են, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց,թե Կառավարության ներկայացուցիչները վստահեցնում էին,որ ոչ միայ ռուսական կողմի հետ, նաև այլ գործընկերների հետ աշխատում են, փոխանցում են իրավիճակի մասին մանրամասներ՝ ակնկալելով համապատասխան ճնշումներ Ադրբեջանի վրա՝ կանխելու այսօր տեսանելի գործողությունները։ Մանրամասները՝ տեսանյութում։