Հայաստանում քրեական դատավարությունը ղեկավարվում է կառավարական շենքից․ փաստաբան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵս համոզված եմ՝ դատարանը բողոքն ընկալել է։
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպիսի՞ վճիռ կկայացնի դատարանը։ Մակինյանը նշեց, որ ինքը չի կարող երբևէ կանխատեսել, թե ինչ որոշում կկայացվի։
Լրագրողի դիտարկմանը, որ թե՛ պատասխանող կողմը, և թե՛ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը բազմիցս նշել են, որ իրենք ի պաշտոնե չեն ներկայացրել իրենց տեսակետը, այլ կարծիք ու տեսակետ են հնչեցրել և ստացվում է՝ ցանկացած պաշտոնյա ի պաշտոնե իրավունք ունի նման խորհդրատվություն տրամադրել, փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց․ «Ես չեմ հասկանում՝ մարդիկ որ ժամից հետո են գործում ի պաշտոնե, որ ժամից հետո՝ պաշտոնական պարտականությունների բերումով։ Պատճառաբանությունները մեր համար առնվազն զավեշտի են հասնում, որ ի պաշտոնե չեն գործել»։
Ամրամ Մակինյանը համոզմունք հայտնեց, որ վարչապետի օգնականի այդ ներգործությունը մեկ անգամյա բնույթ չի կրել՝ իրենք էլ գիտեն, որ բացահայտվել է այդ և չեն կարողացել թաքցնել։
«Հայաստանում քրեական դատավարությունը ղեկավարվում է կառավարական շենքից։ Ես նորից եմ ասում, որ վարչապետի օգնականը որևէ մոտիվացիա չուներ միջամտեր պարոն Հայրապետյանի գործին։ Ես համոզված եմ, որ այդ միջամտության մոտիվացիան եղել է իր վերադասից»,- նման հայտարարություն արեց Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը՝ նշելով, որ Աննա Վարդապետյանը ոչ մի շարժառիթ չուներ զբաղվելու Ռաֆիկ Հայրապետյանի, Ռուբեն Հայրապետյանի գործով։
Ամրամ Մակինյանի խոսքով՝ ոչ ոք չի մոռացել, որ այս ամենին նախորել են իրադարձություններ, որոնք առիթ են հանդիսացել, որ Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյանների նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել։
Ըստ փաստաբանի՝ այդ քրեական գործերը փուչիկներ են, որոնք պայթելու են։ Ամրամ Մակինյանը ցանկություն հայտնեց, որ հենց այս իշխանությունները պայթեցնեն այդ փուչիկները, ոչ թե հաջորդ իշխանությունները։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու վերաբերյալ քրեական գործով առերևույթ ապօրինի միջամտություն կատարելու դեպքի առթիվ դեռևս քրեական գործ չի հարուցվել։ Ռուբեն Վարդանյանը դատի էր տվել վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։