Բացել լրահոսը Փակել լրահոսը
TUB-TUB
A A
Հարցազրույց Հասարակություն

Վերջին 10 տարիների ընթացքում  տուբերկուլոզի դեպքերը նվազել են մոտ 4 անգամ

Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ «Ա1+»-ը զրուցել է «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի գիտական գծով տեղակալ, ՀՀ ԱՆ տուբերկուլոզի և թոքաբանության գծով խորհրդատու Լուսինե Եղիազարյանի հետ

 

-Տիկին Եղիազարյան, մարդն ինչպե՞ս է վարակվում տուբերկուլոզով, ի՞նչ ճանապարհներով է այն փոխանցվում։

-Տուբերկուլոզը հանդիսանում է հանրային առողջության կարևորագույն խնդիրներից մեկը: Աշխարհում տարեկան տուբերկուլոզով հիվանդանում է 10 մլն. մարդ, որից 1 մլն-ը երեխաներ են: Տուբերկուլոզը (ՏԲ) վարակիչ հիվանդություն է, հարուցիչը` Mycobacterium tuberculosis complex: Վարակի աղբյուր հանդիսանում է թոքային տուբերկուլոզով կամ շնչառական օրգանների տուբերկուլոզով պացիենտը, ով հազալիս, խոսելիս կամ փռշտալիս օդ է արտազատում աէրոզոլային մասնիկներ: Առողջ մարդը վարակիչ տուբերկուլոզով հիվանդի հետ շփվելիս վարակվում է: Սակայն այստեղ պետք է նշեմ, որ ոչ բոլոր վարակվածներն են հիվանդանում ՏԲ-ով: Աշխարհի բնակչության մոտ 25 %-ը իր կյանքի ընթացքում վարակվում է, սակայն հիվանդանում է նրանց միայն 10%-ը: Վարակիչ հիվանդը մեկ տարվա ընթացքում մինչև 10 առողջ մարդու կարող է վարակել:

Փոխանցման ուղիներն են՝ օդակաթիլային, կոնտակտային, երբ, օրինակ, օգտվում են հիվանդ մարդու օգտագործած անձնական հիգիենայի պարագաներից, ալիմենտար՝ ճիշտ ջերմային մշակում չանցած մսամթերք և կաթնամթերք օգտագործելիս և ներարգանդային։ Պետք է նշեմ, որ տուբերկուլոզով վարակվածների 95 %-ը հիմնականում վարակը վերցրել է օդակաթիլային ճանապարհով։

-Տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակի ինչպիսի՞ պատկեր ունենք ՀՀ-ում և ովքե՞ր են ռիսկի խումբ համարվում։

-2020թ-ին տուբերկուլոզի հիվանդացության նոր դեպքերի հաճախականությունը 100.000 բնակչի հաշվարկով կազմել է 13.3, իսկ 2021թ.` 13.4: Վերջին 10 տարիների ընթացքում հիվանդացությունը նվազել է մոտ 4 անգամ։ 2011 թ-ից մինչև 2020 թ-ը տատանվել է 1.4-ից մինչև 2.0, 2020թ. 1,5։ Միայն 2021թ. գրանցվել է նվազում և կազմել է 0,6՝ 100.000 բնակչի հաշվով:

2021թ. արձանագրվել է տուբերկուլոզի  369 առաջնակի և 29 կրկնահիվանդության դեպքեր: Գոյություն ունեն  մարդկաց խմբեր, որոնց մոտ ՏԲ-ով հիվանդանալու ռիսկը ավելի բարձր է, քան բնակչության այլ խմբերի մոտ: Դրանք հենց կոչվում են ռիսկի խմբեր: Սոցիալական ռիսկի խմբերն են անօթևանները, ցածր կենսամակարդակով ապրող անձինք, դատապարտյալները, միգրանտները, քրոնիկ ալկոհոլիկները, ՄԻԱՎ-վարակակիրները։

Բժշկական ռիսկի գործոններն են շաքարային դիաբետը, հոգեկան հիվանդությունները, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները և այլ թոքային պաթոլոգիաներ, ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունները, թմրամոլությունը, հորմոններ և ցիտոստատիկ երկարատև ստացող պացիենտների խումբը: Համաճարակաբանական ռիսկի խմբերն են բուժաշխատողները, զինակոչիկները և այլն:

-Ինչպե՞ս է բուժվում տուբերկուլոզը և արդյո՞ք Հայաստանն ունի բավարար մասնագիտական և տեխնիկական հագեցվածություն հիվանդության բուժման համար։

-ՀՀ-ում դեռևս 2005թ.ստեղծվել է տուբերկուլոզի ազգային ծրագիր, որը զբաղվում է հանրապետությունում ՏԲ-ին առնչվող բոլոր հարցերով` տուբերկուլոզի ակտիվ հայտնաբերմամբ, լաբորատոր հետազոտությունների համակարգային իրականացմամբ, բուժման ստանդարտ սխեմաների կիրառմամբ, բուժման ընթացքի մշտադիտարկմամբ և կենտրոնացված վիճակագրական տվյալների մշակմամբ ու տիրապետմամբ: Այստեղ կարևոր եմ համարում նշել, որ տուբերկուլոզի ախտորոշումը և բուժումը անվճար է ՀՀ-ում:

Հակատուբերկուլոզային դեղերի հանդեպ զգայուն դեպքերը բուժվում են 6 ամսում, իսկ կայուն դեպքերը` 9-20 ամիս տևողությամբ: Հավելեմ  նաև, որ դեղակայուն տուբերկուլոզի յուրաքանչյուր պացիենտի բուժման ռեժիմները որոշվում են Թոքաբանության ազգային կենտրոնում (ԹԱԿ)-ում` դեղակայուն կոմիտեի նիստի արձանագրությամբ:

ԹԱԿ ՊՈԱԿ-ը, հանրապետության բոլոր մարզերի տուբերկուլոզային կաբինետները և ախտորոշիչ լաբորատորիաները ապահովված են մասնագետներով և Ազգային ծրագրի աջակցությամբ` ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով, վարակի հսկողության և լաբորատոր հետազոտության պարագաներով, ինչպես նաև մշտական մասնագիտական խորհրդատվությամբ ԹԱԿ ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից:

-Ի՞նչ սննդակարգ է անհրաժեշտ տուբերկուլոզով հիվանդացած պացիենտներին և արդյո՞ք Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են նման հիվանդների համար։

-Քանի որ տուբերկուլոզով հիվանդ պացիենտների մոտ հիմնականում դիտվում է նաև մարմնի կշռի կտրուկ անկում, հետևաբար անհրաժեշտ է, որ հիվանդը ընդունի բարձր կալորիականությամբ, հատկապես սպիտակուցներով հարուստ սնունդ` օրական պարտադիր երեքանգամյա ռեժիմով (օրական 3000-3300 կիլոկալորիա)։ Իսկ ինչ վերաբերում է կլիմայական պայմաններին, այո, Հայաստանում  առկա է տուբերկուլոզով հիվանդների համար անհրաժեշտ չոր, արևոտ բնակլիմայական պայմաններ:

-Գիտենք, որ այս հիվանդությունը շատ տարածված է հատկապես քրեակատարողական հիմնարկներում: Ինչու՞։

-Այո, նախկինում պատկերը այդպես էր, քանզի ՔԿՀ-ում դատապարտյալները գտնվում էին ոչ բարենպաստ կենսական և հիգիենիկ համաճարակային պայմաններում, և հակատուբերկուլոզային դեղերի հասանելիությունը ցածր էր, ինչի հետևանքով ՏԲ-ի դեպքերը շատ էին:

Եվ քանի որ 2002թ. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ներդրվեց ՔԿՀ-ում տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագիր, որի շրջանակներում բացվեցին 2 տուբերկուլոզային բաժանմունքներ և 2 ախտորոշիչ լաբորատորիաներ, այսօր ՀՀ-ում իրավիճակը այլ է: Այժմ ՔԿՀ-ում հայտնաբերվում են տուբերկուլոզի եզակի դեպքեր, ինչի պատճառով էլ 1 բաժանմունքը և 1 լաբորատորիան օպտիմալացվել են: Բարելավվել են նաև ՔԿՀ-ների շենքային և դատապարտյալների կեցության պայմանները:

ՔԿՀ-ում տուբերկուլոզային ծառայությունը նույնպես մշտադիտարկման է ենթարկվում ազգային ծրագրի և ԹԱԿ ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ցուցաբերվում է մասնագիտական և լաբորատոր-գործիքային աջակցություն:

-Եղե՞լ են դեպքեր, երբ քաղաքացին հետազոտվել է քովիդի կասկածով, բայց պարզվել է, որ տուբերկուլոզ է: Ի՞նչ վիճակագրություն ունեք այս առնչությամբ:

-Հստակ վիճակագրություն հնարավոր չէ ներկայացնել, սակայն կարող եմ հավաստիացնել, որ եթե հետազոտության արդյունքում կասկածվել է նաև տուբերկուլոզային հիվանդություն, այդպիսի պացիենտները պարտադիր ուղեգրվել են ԹԱԿ ՊՈԱԿ կամ իր տարածքային առողջության առաջնային պահպանման օղակ, և լիարժեք հետազոտություններից հետո ՏԲ-ի հաստատման դեպքում անիջապես կազմակերպվել է անվճար բուժում:

-Եվ վերջում, Ձեր Խորհուրդը հանրությանը։

-Հարգելի' քաղաքացիներ, եղեք հոգատար ձեր առողջության հանդեպ, և եթե ձեզ անհանգստացնի ստորև թվարկված ախտանշաններից նույնիսկ երեքը` երկարատև հազը 2-3 շաբաթ և ավել տևող` խորխով կամ առանց խորխի, քաշի, ախորժակի կորուստը, գիշերային քրտնարտադրությունը, սուբֆեբրիլ ջերմությունը, արյունախխումը, դյուրհոգնածությունը, շնչարգելությունը կամ ցավերը կրծքավանդակի շրջանում, անհապաղ դիմեք ձեր ընտանեկան բժշկին: