«Ֆուտբոլը բումերանգի է նման»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի հերթական խաղից առաջ փիլիսոփայորեն հայտարարել է, որ «ֆուտբոլը բումերանգի է նման եւ դառը պարտություններին հաջորդում են ցանկալի հաղթանակները»:
Հիշեցնենք, որ անցած երկուշաբթի մադրիդցիները խայտառակ պարտություն են կրել իրենց ամենաոխերիմ մրցակցից` «Բարսելոնայից»` 0:5:
Այժմ պորտուգալացի մասնագետն իր սաներին պատրաստում է շաբաթ օրը կայանալիք «Վալենսիայի» հետ սկզբունքային խաղին: Նա հայտարարել է, որ նախորդ խաղի համեմատ ոչ փոփոխություն չի կատարի մեկնարկային կազմում: Սակայն Ժոզե Մուրինյոն, այնուամենայնիվ, ստիպված է մեկ փոփխություն կատարել, քանի որ «Բարսելոնայի» հետ խաղում կարմիր քարտ էր ստացել պաշտպան Սերխիո Ռամոսը, ոչւ ստիպված կլինի բաց թողնել իր թիմի առաջիկա խաղը:
Ի դեպ, Իսպանիայում դեռեւս շարունակում են ծաղրի ենթարկել Ժոզե Մուրինյոյին, որը «Բարսելոնայի» հետ խաղում կրեց ամենախոշոր հաշվով պարտությունը իր կարիերայում: Մասնավորապես, Խիխոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Մանոլո Պրեսիադոն, որը լարված հարաբերությունների մեջ է գտնվում պորտուգալացու հետ, հայտարարել է, որ այնքան էլ ուրախ չէ մադրիդցիների նման խոշոր պարտությունից, բայց, այնուամենայնիվ, շատ էր ցանկանում, որ «Բարսելոնան» հաղթի «Ռեալին»: