404 տեսախցիկներով հսկելու են «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներին ու ծառայողներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արդեն գործում է տեսահսկման համակարգ, որը իրավասու մարմինները գնահատում են նախադեպը չունեցող։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը միջազգային գործընկերների հետ այցելել էր քրեակատարողական հիմնարկ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին, որի իրականացման համար պետությունը շուրջ հինգ հարյուր ութսունվեց (586) միլիոն դրամ է հատկացրել։
«Այս համակարգը դադարեցրել է մեր քրեակատարողական ամենամեծ հիմնարկի կուրությունը և այսուհետև մեր օպերատիվ ծառայությունը կունենա ավելի լայն հնարավորություններ` հետևելու, թե ինչ շրջանառություն է տեղի ունենում, ճիշտ է ամբողջությամբ չի վերացնի ապօրինությունները, բայց էականորեն կնվազեցնի»,- ասում է Կարեն Անդրեասյանը։
404 տեսախցիկները հնարավորություն կտան ապահովել քրեակատարողական հիմնարկի թափանցիկ աշխատանքը։
«Այս տեսախցիկների համակարգը միակ լուծումը չէ, որպեսզի մենք պայքարենք ապօրինությունների դեմ։ Սա ուղղակի մեծ պայքարի մի փոքր մասն է։ Շատ կարևոր մաս է։ Եվ տեխնոլոգիաներն ընդամենը միջոց են, գործիք են, որպեսզի այստեղ աշխատող մարդիկ, քրեակատարողական համակարգի մեր ծառայողները կարողանան պայքարել ապօրինությունների դեմ»,- ընդգծեց նախարարը։
Կարեն Անդրեասյանը հիմնարկում շրջայցի ընթացքում Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին ներկայացրեց կատարված աշխատանքը, իսկ տեղի օպերատիվ կենտրոնում ցույց տվեցին տեսախցիկների հնարավորությունները։
Համակարգը հնարավորություն կտա հսկել ինչպես դատապարտյալների, այնպես էլ քրեակատարողական հիմնարկի ծառայողների գործողությունները, բայց դատապարտյալների խցերում տեսախցիկներ չեն տեղադրվել՝ չոտնահարելու համար նրանց իրավունքը։
Բացի հիմնարկից՝ Հայաստանի քրեակատարողական ծառայությունում ևս գործելու է օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ շուրջօրյա հսկողություն կիրականացվի։ Նախարար Անդրեասյանը վստահեցրեց՝ այս համակարգի ներդրումը շարունակական է լինելու։
Մանրամասները՝ տեսանյութում։