Վտանգավոր «էներգիա»
Չափից շատ էներգետիկ ըմպելիքների օգտագործման պատճառով ԱՄՆ-ում ամեն տարի մահանում է 40 հազարից ավելի մարդ:
Մինչ վերջերս Ֆրանսիայում արգելվում էր էներգետիկ ըմպելիքների վաճառքը, իսկ ահա Գերմանիայում արգելվում է նման ընպելիքների արտադրությունը:
Էներգետիկ ըմպելիքի բարձր դոզավորման դեպքում կարող է առաջանալ քնի խանգարում, գրգռվածություն, անհանգստություն, սրտխառնոց, փսխում եւ այլն:
Հայաստանում այս ըմպելիքի արտադրության կամ սպառման օրենսդրական սահմանափակումներ չկան. չնայած հատկապես դպրոցների տարածքներում վերահսկողություն, այնուամենայնիվ, իրականացվում է:
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Արթուր Վարժապետյանը նշում է, որ իրենք հետեւում ենք եվրոպական երկրների փորձին. «Կլինեն համապատասխանեցումներ. մենք բոլորս գնում ենք այդ ուղղությամբ»,-ասաց պարոն Վարժապետյանը:
Ըստ նրա` էներգետիկ ըմպելիքների Հայաստան ներկրման դեպքում դրանք անցնում են երկարատև փորձաքննություն:
Իսկ մեր հարցումները ցույց տվեցին, որ գնորդները նույնիսկ տեղյակ չէին, թե ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ էներգետիկ ըմպելիքները և ում է այն հակացուցված: Թիրախային այդ խմբում մտնում են երեխաները, հղի կանայք, կերակրող մայրերը, հոգեկան խանգարումներ, սրտային տարբեր հիվանդություններ ունեցող անձինք:
Կան էներգետիկ ըմպելիքների ալկոհոլային և ոչ ալկոհոլային տարատեսակները: Էներգետիկ ըմպելիքներ արտադրելիս շեշտը դրվում է մարդկանց աշխատունակությունը բարձրացնելու հատկության վրա, որպեսզի նրանք կարողանան արթուն մնալ երկար ժամանակ: Կոֆեինի առկայությունը էներգետիկ ըմպելիքներում ուղիղ երկու անգամ ավելի քիչ է, քան նույն ծավալի սուրճի մեջ:
Ի դեպ, խանութներում մեր հարցումները նաեւ ցույց տվեցին, որ էներգետիկ ըմպելիքներ գնողների մեծ երիտասարդներ են: