Բացել լրահոսը Փակել լրահոսը
image-13-03-22-11-39
A A
Քաղաքականություն Տնտեսություն

Իրանը ցանկանալու է ակտիվացնել տնտեսական հարաբերությունները  Հայաստանի հետ. իրանագետ

Իրանը Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացման ցանկություն ունի։
 
«Ա1+»-ի հետ զրույցում այսպիսի դիտարկում արեց իրանագետ Գարիկ Միսակյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակին, և Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների ամբողջական կիրառման պարագայում Հայաստանի վրա դրանց ազդեցությանը, նշելով՝ «իրանական կողմը պատրաստ է այս առումով լուրջ քայլեր ձեռնարկել, քանի որ ցանկանում է հնարավորինս ներգրավված լինել մեր երկրի տնտեսությանը»։
 
Իրանագետ Գարիկ Միսակյանի խոսքով՝ Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը հարևանների հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն է։
 
Հարցին՝ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների խորացումը որքանո՞վ ընդունելի կլինի Ռուսաստանի համար, Գարիկ Միսակյանն ասաց, որ իրանական կողմը հաշվի չի առնում Ռուսաստանի ցանկությունը նման գործընթացներում, եթե այն չի վերաբերում գազին կամ աշխարհաքաղաքական խնդիրներին։
 
«Հայաստանի հետ տնտեսական ակտիվություն Իրանը միանշանակ ցանկանալու է։ Եվ պետք է, որ մեր կողմից այս հարցի շուրջ ձևավորվի հստակ օրակարգ»,- ասաց Գարիկ Միսակյանը, նշելով՝ հարևան Ադրբեջանը բավականին լավ առաջարկներ է ներկայացրել Իրանին և օգտվում է ստեղծված իրավիճակից։
 
Իսկ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների խորացմանն ինչպե՞ս կարձագանքեն Թուրքիան ու Ադրբեջանը։ 
 
Հարցին իրանագետը հստակ պատասխանում է՝«գործնականում  մեզ և Իրանին չի հետաքրքրում նրանց կարծիքը»։
 
Վերադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը, իրանագետն ասաց․«կարծում եմ, որ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը ՌԴ-ն դեմ չի լինի, քանի որ խնդիրներ կան ինչպես ԵԱՏՄ շուկայում, այնպես էլ ռուսականում, որը տնտեսական պատժամիջոցների տակ է  գտնվում: Այս համատեքստում Ռուսաստանն էլ կարծում եմ, ամեն ինչ անելու է, որպեսզի տնտեսական հարաբերությունները լավացնի Իրանի հետ»,- ասաց փորձագետը նկատելով, որ պատժամիջոցների տակ գտնվող Իրանն այս 
պահին բավականին լավ տնտեսություն է վարում։
 
Իրանագետ Գարիկ Միսակյանի կարծիքով, Հայաատանը որպես ԵԱՏՄ շուկայի անդամ պետություն, կարող է նաև կապող օղակ հանդիսանալ  Իրանի և Ռուսաստանի միջև։
 
Հիշեցնենք՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, Հայաստանը արտահանման հետ կապված խնդիրներ ունի, որը լուրջ խնդիրներ է ստեղծում ՀՀ տնտեսության համար։