Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եվրոպական խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի մշակութային ցեղասպանությունը (տեսանյութ)

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևի ընդունումը համարում է կարևոր բարոյական և քաղաքական քայլ: Բաբայանը նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ-ի արտահերթ նիստում, որում քննարկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին  ԱՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը:

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը դատապարտում է ԼՂ-ում Ադրբեջանի  մշակութային ցեղասպանությունը:

«Սա կարևոր բարոյական և քաղաքական քայլ է: Մենք արդեն բավականին երկար ժամանակ աշխատում ենք այդ  ուղղությամբ: Եվ դա մեր Հայոց եռամիասնության՝ Արցախի, Հայաստանի, սփյուռքի հաղթանակն է: Բնական է՝ մեծ աշխատանք են տարել նաև մեր այդ կառույցները, Հայ դատը, Արցախի և Հայաստանի համապատասխան ներկայացուցչությունները»,-ասաց Բաբայանը:

Գործընթացը, ըստ նախարարի, եղել է  բավականին հագեցած, վերջին պահին ադրբեջանցիները փորձել են որոշ հնարքներ ձեռնարկել, բայց բարեբախտաբար բանաձևը հաջողվել է ընդունել:

«Այսինքն՝ սա կարևոր բարոյական և քաղաքական փոքր, բայց էլի մեզ համար շատ կարևոր առաջընթաց է»,-ասաց ԱԳ նախարարը: